Տնտեսություն

Գործարարները հարկերին առնչվող ցանկացած տեղեկություն կստանան նոր էլեկտրոնային ուղեցույցներից

4 րոպեի ընթերցում

Գործարարները հարկերին առնչվող ցանկացած տեղեկություն կստանան նոր էլեկտրոնային ուղեցույցներից

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանյան գործարարներն այսուհետև հնարավորություն ունեն հարկերին, հարկատեսակներին առնչվող ցանկացած տեղեկություն ստանալ օրենսդրական դրույթները պարզաբանող էլեկտրոնային ուղեցույցներից՝ շատ կարճ ժամանակում, առանց ավելորդ վարչարարության:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» կողմից ֆինանսավորվող «Աջակցություն հարկային համապատասխանության բարելավմանը» ծրագրի շրջանակում մշակված ուղեցույցները ներկայացվեցին Երևանում նոյեմբերի 22-ին:

«Հիմնական հարկատեսակներին վերաբերող ուղեցույցները մշակվել են Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի», Հայաստանում Միացյալ թագավարության դեսպանության, ՀՀ ֆինանսների նախարարության, Պետական եկամուտների կոմիտեի և «PwC (PricewaterhouseCoopers)Հայաստան» ընկերության միացյալ ջանքերով: Ուղեցույցներն, ըստ էության, գալիս են ձևավորելու նոր մշակույթ հարկ վճարող և հարկային մարմիններ հարաբերություններում: Սա մի հնարավորություն է, որն օգտագործելով՝ հարկ վճարողները կկարողանան գործել ավելի կանխատեսելի, ավելի հասկանալի հարկային միջավայրում։ Գործնական օրինակներով, իրավիճակային լուծումներով ներկայացվում են հարկային օրենսդրության հիմնական կարգավորումները»,-ասաց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը:

Ուղեցույցները ներկայացված են էլեկտրոնային տարբերակով՝ ՊԵԿ-ի պաշտոնական կայքում՝ հայերեն և անգլերեն տարբերակներով: Հարկ վճարողները առանց հարկային մարմնի թեժ գիծ զանգահարելու, նամակ ուղարկելու, առանց ժամանակ կորցնելու կարող են շահութահարկի, շրջանառության և ավելացված արժեքի հարկերի, տրանսֆերային գնագոյացման կարգավորումներին գործնական օրինակներով ու գծապատկերներով ծանոթանալ ուղեցույցների միջոցով:

ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը նշեց, որ հարկային օրենսդրության փոփոխությունների համահունչ ուղեցույցներում կիրականցվեն թարմացումներ: «ՊԵԿ-ն ունի հարկային օրենսդրության դրույթների իրազեկման գործառույթ և պարտավորություն: Ֆինանսների նախարարությունն ունի պաշտոնական պարզաբանումներ տրամադրելու իրավասություն և պարտականություն: Բայց դրան զուգահեռ լինում են հաճախ հանդիպող հարցեր, և ուղեցույցների նպատակն այն է, որ յուրաքանչյուրն անհատական չդիմի ու միայն իր համար ստանա պատասխանը»,-ասաց նա ու հավելեց՝ ուղեցույցներում տրվում են պարզեցված բացատրություններ՝ օրինակներով, մանրամասն, քան հնարավոր է ունենալ իրավական ակտում գրված տեքստով:

Երևանում Բրիտանիայի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Էլիսոն Չիքը նշեց, որ աջակցում են ՀՀ կառավարությանը՝ ավելի կայուն տնտեսական միջավայր ձևավորելու հարցում, որը կնպաստի տնտեսական աճին ու առանձին ոլորտների զարգացմանը: «Այս ծրագրով խորհրդատվական աջակցություն է տրամադրվել ՊԵԿ-ին, Ֆինանսների նախարարությանը՝ խթանելու հարկային ավելի լավ համապատասխանությունը, ապահովելու հարկային օրենսդրության ճիշտ կիրարկումը և օգնելու հարկատուներին հասկանալ, թե կարգապահ լինելու համար ինչ է պետք անել»,-եզրափակեց նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում