Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Քաղցկեղ ունեցող հայ երեխաների երազանքը կհասնի տիեզերք. արտ-ծրագիրը՝ փոքրիկներին

Քաղցկեղ ունեցող հայ երեխաների երազանքը կհասնի տիեզերք. արտ-ծրագիրը՝ 
փոքրիկներին

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սկաֆանդր» միջազգային գեղարվեստական ծրագրին այս տարի կմիանան նաև քաղցկեղ ու արյան հիվանդություն ունեցող հայաստանցի երեխաները: «City of smile»/«Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի շահառու երեխաներն իրենց երազանքները կնկարեն հատուկ կտավների վրա, որոնցից կպատրաստվի տիեզերագնացի կոստյում՝ սկաֆանդր ու տիեզերագնացների հետ կուղարկվի տիեզերք՝  իրականացնելու փոքրիկների երազանքը:

Նոյեմբերի 24-ին Երևանում՝ Արյունաբանական կենտրոնում նախատեսվող այդ իրադարձության մասին «Արմենպրես»-ը խոսել է կազմակերպիչների հետ։

«Այս ծրագիրն արվել է 2016-ից շատ երկրներում: Երեխաները իրենց երազանքները, իրենց մտքերը նկարում են հատուկ կտավների վրա, վերջիններից կարվում է տիեզերագնացի հագուստ, որը տիեզերագնացները տանում են տիեզերք: Ամեն անգամ այդ հագուստը՝ սկաֆանդրը մի անուն է ունենում: Այս անգամ հագուստը ունենալու է «Երազող» անունը: Այն շատ խորհրդանշական ու հուզիչ է: Մենք միշտ ասում ենք՝ եթե մտքերդ ուղարկես տիեզերք, անպայման կիրականանան. այն, ինչ մենք մտքով, խոսքով ուղարկում ենք տիեզերք, անպայման իրականանում է: Եվ կարծում եմ, որ դա ուժ տվող ակցիա կլինի երեխաների համար, նրանք կհավատան, որ իրենց նկարած երազանքը սկաֆանդրի տեսքով տիեզերքում մնալով՝ կիրականանա»,-ասաց  «City of smile»/«Ժպիտների քաղաք»  բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանը:

«Երազող» անվանումը կրող սկաֆանդրի համար իրենց երազանքներն են նկարել արդեն աշխարհի 6 երկրներում՝ Ռուսաստանում, Շվեյցարիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Անգլիայում և Բելգիայում քաղցկեղ ունեցող երեխաները: Հայաստանը կլինի միացող 7-րդ երկիրը: «Երազող»-ը աշխարհի տարբեր ծայրերի երեխաների երազանքները տիեզերք կտանի 2020-ին: Դեմիրճյանը նկատեց՝ այս ակցիան նաև ինչ-որ առումով համախմբում է այդ հիվանդությունն ունեցող ամբողջ աշխարհի երեխաներին, միասին բոլորի երազանքն ավելի ուժեղ ու հնչեղ է դառնում: Հայաստան կբերվի նաև տիեզերքում եղած նախորդ սկաֆանդրը՝ «Հաղթանակը»: Հայաստան կգան նաև տիեզերագնացներ, երեխաները հնարավորություն կունենան շփվելու նրանց հետ, տալու տիեզերքի, տիեզերագնացության մասին իրենց հետաքրքրող հարցեր:

«Unity » սոցիալական շարժման հիմնադիր Ալյոնա Կուզմենկոն պատմեց, որ նախագիծն ի սկզբանե նախաձեռնվել է ԱՄՆ-ում՝ տիեզերագնաց Նիկոլ Ստոտի և արտ-թերապևտ Յան Սայենի կողմից, իրականացվել է «ՄԴ Անդերսոն» քաղցկեղի բուժման կենտրոնում, հետո լոկալ ծրագրից դարձել է միջազգային: Դրանում իր մեծ ներդրումն է ունեցել նաև Ալյոնան: Ռուսաստանում ծրագիրը կազմակերպում է «Unity » սոցիալական շարժումը՝ «Ռոսկոսմոս»-ի և մի շարք տիեզերագնացների ակտիվ մասնակցությամբ:

«Սկաֆանդր»-ը արտ-թերապիայի ծրագիր է, որի ընթացքում օնկոլոգիական հիվանդություններ ունեցող երեխաները և մեծահասակները նկարում են իրենց երազանքները սկաֆանդրի վրա, որն ուղարկում ենք տիեզերք: Նախագծին միացել է «Ռոսկոսմոս»-ը, և ռուսական ու ամերիկյան թիմերը միասին արդեն իրագործել են «Հաղթանակ» սկաֆանդրը և 2017-ին ուղարկել տիեզերք: Այն տիեզերքում մնացել է 138 օր:  Դրան մասնակցություն են ունեցել 180 երեխաներ՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի 10 կլինիկաներից: Այդ սկաֆանդրը հիմա շատ ցուցադրություններում է ցուցադրվում։ Դա մի հիվանդանոցից մյուսն է տարվում տարբեր երկրներում՝ ոգեշնչելու երեխաներին, նրանց ծնողներին»,- ասաց նա:

Նախագծի իրագործման սկզբից մինչև այսօր տիեզերք է ուղարկվել արդեն 3 սկաֆանդր։ Տիեզերք բարձրացած ու ետ վերադարձած «Հաղթանակ»-ը ներկայում օգտագործում են Ռուսաստանում «Բարության դաս» խորագրով ակցիայի համար: Այն ներկայացրել են դպրոցներից մեկի թանգարանում, երեխաները մոտենում են դրան ու մտքում բարի երազանք պահում: «Բարության դաս»-ի շրջանակում «Unity » սոցիալական շարժման թիմը դպրոցներում երեխաներին սովորեցնում է կամավոր, բարի աշխատանք անելու արվեստը: Արդյունքում դպրոցականներն իրենց ձեռքերով փոքրիկ հուշանվերներ են պատրաստում քաղցկեղ ունեցող երեխաների համար, որոնք շարժման մասնակիցները հասցնում են որևէ երկրի օնկոլոգիական հիվանդություններ ունեցող երեխաների: Սոցիալական շարժման թիմը, ի դեպ, նման հուշանվերներ է բերել նաև հայ երեխաների համար:

Ալյոնան պատմեց, որ Հայաստան գալով տեղեկացել է «City of smile»/«Ժպիտների քաղաք»  հիմնադրամի գործունեության մասին, և որոշել են հիմնադրամի հետ համատեղ ծրագրում ներգրավել նաև հայ փոքրիկներին:

Աննա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am