Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Հայ-կատարական հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրում

 Հայ-կատարական հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրում

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատարի արտաքին գործերի նախարարությունում նոյեմբերի 17-ին քաղաքական խորհրդակցություններ կայացան երկու երկրների արտգործնախարարությունների միջև, որի շրջանակներում առանձնացվեցին առաջիկա ժամանակահատվածի համար համագործակցության զարգացման կարևոր ուղղությունները։ Գրեթե միաժամանակ կայացավ ՀՀ նախագահի այցը Կատար, և հայտարարվեց, որ Կատարը չեղարկում է Հայաստանի քաղաքացիների համար մուտքի արտոնագրի պահանջը: Հայաստանը դեռևս 2017թ. է Կատարի քաղաքացիներին ազատել ՀՀ մուտքի արտոնագրեր ստանալու պահանջից:

Երևանի և Դոհայի միջև վերջին տարիներին առկա բարձր մակարդակի շփումները զգալի դրական հիմք են ապահովում հարաբերությունների խորացման համար: 2019թ. սկզբին ՀՀ կառավարությունը որոշում կայացրեց Դոհայում ՀՀ դեսպանություն հիմնելու մասին՝ նոր փուլ ազդարարելով մերձավորարևելյան այս կարևոր երկրի հետ հարաբերություններում: Իր հերթին, կատարական կողմը պատրաստակամություն է հայտնել պատասխանել փոխադարձության սկզբունքով և Երևանում բացել Կատարի դեսպանություն:

Հատկանշական է, որ ՀՀ մերձավորարևելյան ավանդական գործընկերների հետ համագործակցության շարունակական խորացումը և նոր ուղղություններով համագործակցության խթանումը բխում է ՀՀ Կառավարության ծրագրում ամրագրված դրույթներից («Արտաքին քաղաքականության ոլորտում Կառավարությունը ընդլայնելու է փոխգործակցությունը Մերձավոր Արևելքի գործընկեր երկրների հետ»):  Ընդ որում, մերձավորարևելյան ավանդական գործընկերների հետ հարաբերությունների շարունակական զարգացմանը զուգահեռ առանձնահատուկ ուշադրություն է հատկացվում Ծոցի երկրներում Հայաստանի ներգրավվածության ընդլայնմանը: Այս տեսանկյունից տարածաշրջանային ակտիվ դերակատարներից մեկի՝ Կատարի հետ առևտրատնտեսական կապերի և դիվանագիտական հարաբերությունների ամրապնդումն օրակարգային խնդիր է դիտարկվում:

Պետք է նշել, որ հայ-կատարական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն: Մասնավորապես, վերջին տարիներին Հայաստանի և Կատարի միջև ապրանքաշրջանառությունը զգալի աճ է արձանագրել, ուսումնասիրվում են ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունները, քննարկվում են էներգետիկայի, սննդի անվտանգության, լոգիստիկ ենթակառուցվածքների, բանկային և այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները:

Միևնույն ժամանակ, Հայաստանն ու Կատարը փաստացի քաղաքական հակասություններ չունեն, ինչը մեծապես նպաստում է քաղաքական համագործակցության խորացմանը ինչպես երկկողմ ձևաչափում, այնպես էլ միջազգային տարատեսակ հարթակների շրջանակներում (հատկապես այն կառույցներում, որտեղ Հայաստանը ներկայացված չէ, օրինակ, ԻՀԿ-ն): Այս տեսանկյունից հատկապես կարևորվում է երկու երկրների արտգործնախարարությունների միջև խորհրդակցությունների ձևաչափի գործարկումը, որը հնարավորություն է տալիս տեսակետներ փոխանակել երկկողմ հարաբերությունների զարգացման, տարածաշրջանային խնդիրների, միմյանց համար զգայուն հարցերի և դիրքորոշումների վերաբերյալ:

Հայ-կատարական հարաբերությունների շարունակական զարգացման համար նպատակահարմար է դիտարկել Հայաստան-Կատար միջպետական իրավապայմանագրային դաշտի ընդլայնման և հայ-կատարական միջկառավարական համատեղ հանձնաժողովի աշխատանքների ակտիվացման հնարավորությունը՝ նպատակ ունենալով նոր խթան հաղորդել երկկողմ համագործակցությանը և իրացնել առկա ողջ ներուժը:

Արփինե Հովսեփյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]