Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Պետք է աշխարհում մեր սփռվածությունը դարձնենք մեր ժողովրդի առավելությունը. Փաշինյան

Պետք է աշխարհում մեր սփռվածությունը դարձնենք մեր ժողովրդի առավելությունը. 
Փաշինյան

ՄԻԼԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ ունեցավ Միլանի Հայ առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Միլանից, վարչապետը ողջունեց ներկաներին, նշելով, որ ուրախ է հանդիպման և ստեղծված առիթի համար:

«Շատ ուրախ եմ այսօր այստեղ ներկա գտնվելու և իրար հետ լինելու առիթով, և շատ խորհրդանշական է, որ ես Իտալիա եմ ժամանել պաշտոնական այցով, բայց առայժմ գտնվում եմ բացառապես հայկական օրակարգի շրջանակներում: Մենք այստեղ եկանք Վենետիկից, որտեղ այցելեցինք Սուրբ Ղազար կղզի, Մխիթարյան միաբանություն, և ահա, մեր երկրորդ հանգրվանը Միլանի հայ առաքելական եկեղեցին է: Իսկապես, սա շատ խորհրդանշական է: Կապ չունի, թե ինչ օրակարգով, և որ երկիր ենք գնում, սկսած Սինգապուր կատարած իմ այցից, մենք տեսնում ենք հայոց պատմության յուրօրինակ նմուշներ, աշխարհի բոլոր կողմերում հանդիպում ենք մեր հայրենակիցների հետ, և մեր այսպիսի սփռվածությունն աշխարհում, որպես կանոն ընկալում ենք մեր պատմական դժբախտության հետևանք, բայց այս նոր ժամանակներում մենք պետք է փորձ անենք այդ պատմական մեր դժվարությունների հետևանքները դարձնելու մի նոր առավելություն մեր ժողովրդի, պետության համար, որովհետև այս ուժը, որ մենք ունենք ամբողջ աշխարհում, շատ կարևոր եմ համարում: Սինգապուրի ամենահին եկեղեցին հայկական եկեղեցին է: Հայերը բոլոր երկրներում նպաստել են այդ երկրի շենացմանը, ավանդ են ունեցել այդ երկրի տնտեսության, մշակույթի, կրթության, գիտության մեջ: Սա մեր ազգի ու ժողովրդին բնորոշ ամենակարևոր գիծն է: Մենք այս իմիջով պետք է ներկայանանք աշխարհին»,- ասաց Փաշինյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմավորել է Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ և Սուրբ Աթոռում Ամենայն հայոց կաթողիկոսի ներկայացուցիչ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը:

Եկեղեցում ՀՀ վարչապետին սպասում էին տեղի հայ համայնքի ներկայացուցիչները: Բարիգալստյան աղոթքից հետո ելույթով հանդես եկավ Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ և Սուրբ Աթոռում Ամենայն հայոց կաթողիկոսի ներկայացուցիչ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը:

Դիմելով ՀՀ վարչապետին՝  նա նշեց. «Ես տեղյակ եմ, որ Ձեր կարևորագույն առաքելության հիմնակետը փոփոխությունն է՝ հայրենիքի, հայրենի ժողովրդի և մեր ազգի կյանքում: Եվ բնականաբար փոփոխությունները երբեմն դժվարություններ են բերում, հետևաբար մեր աղոթքն է, որ դուք Ձեր առաքելության ճանապարհին քաջ կերպով շարունակեք ինչ-որ սկսել եք՝ հանուն մեր հայրենիքի, հանուն մեր ժողովրդի բարելավման ու մեր հայրենիքի լուսավոր ապագայի համար: Ես գիտեմ, որ մանավանդ երիտասարդ սերունդը Ձեզնով խանդավառ է»:

Նա հիշեց հալեպահայ մի երիտասարդի, որը Երևանում է հաստատվել և անցնող 2 տարիներին Իտալիա է եկել՝ ուսումը և աշխատանքը շարունակելու համար, խանդավառված է «Իմ քայլը» շարժումով  և շարժման ղեկավարով:

Շանթ Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am