Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Փետրվար

Աննա Հակոբյանն ու Դարիգա Նազարբաևան այցելել են քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող փոքրիկներին

Աննա Հակոբյանն ու Դարիգա Նազարբաևան այցելել են քաղցկեղ և արյան 
հիվանդություններ ունեցող փոքրիկներին

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը նոյեմբերի 15-ին կառավարական առանձնատանը հյուրընկալել է Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահ Դարիգա Նազարբաևային:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Աննա Հակոբյանի գրասենյակից, նախաճաշի ընթացքում տիկին Նազարբաևան պատմել է Երևան պաշտոնական այցի մանրամասները, իսկ Աննա Հակոբյանը ներկայացրել է իր ղեկավարած երկու հիմնադրամների գործունեությունն ու «Կանայք հանուն խաղաղության» արշավի առաքելությունը: Ի հիշատակ հանդիպման, Դարիգա Նազարբաևան Աննա Հակոբյանին է նվիրել ղազախական ազգային հագուստ:

 Նույն օրը տիկին Հակոբյանն ու տիկին Նազարբաևան այցելել են Պրոֆ Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն: Կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանի և  «City of smile/Ժպիտների քաղաք» հիմնադրամի գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանի ուղեկցությամբ նրանք շրջել են կենտրոնով, զրուցել բուժում ստացող երեխաների և նրանց ծնողների հետ:

Այցի ավարտին կենտրոնում բուժում ստացող 9-ամյա Լիլի Անտոնյանը տիկին Նազարբաևային է նվիրել իր հեղինակած «Տարվա 4 եղանակներ» կտավը: Շնորհակալություն հայտնելով նվերի համար, տիկին Նազարբաևան ասել է, որ կտավում գերիշխում են պայծառ գույները, իսկ դա նշանակում է, որ կտավի հեղինակը լավատես է և շատ արագ ապաքինվելու է: «Ուրախ մարդիկ ավելի շուտ են առողջանում»,- ասել է Դարիգա Նազարբաևան:  

Տիկին Նազարբաևան ու տիկին Հակոբյանն էլ երեխաներին նվիրել են երաժշտական գործիքներ և առաջինը փոքրիկների հետ փորձարկել:

Այցի ավարտին Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահը առողջություն է կամքի ուժ և նպատակների իրականացում է մաղթել փոքրիկներին: «Մաղթում եմ, որ շուտ ապաքինվեք, որ ձեր երազանքները կատարվեն, լավ մարդ դառնաք և որ ձեր երկիրը ձեզանով հպարտանա»,- ասել է Դարիգա Նազարբաևան:

«City of smile/Ժպիտների քաղաք» հիմնադրամն աջակցում է քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող մինչև 25 տարեկան երեխաների և երիտասարդների:  Հիմնադրամն անվճար տրամադրում է բուժում, դեղորայք, բժշկական անհրաժեշտ միջամտություններ, օրական 4-անգամյա սնունդ, ինչպես նաև սոցիալ-հոգեբանական ծառայություն թե´ քաղցկեղ ունեցող պացիենտներին, թե´ նրանց ընտանիքի անդամներին: Ներկա դրությամբ հիմնադրամն աջակցում է քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող 240 երեխայի և երիտասարդի:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1
Tokyo 2020
youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ