Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արմեն Սարգսյանն ընդունել է էմիրաթական Թավազուն տնտեսական խորհրդի պատվիրակությանը

Արմեն Սարգսյանն ընդունել է էմիրաթական Թավազուն տնտեսական խորհրդի 
պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է էմիրաթական Թավազուն («Tawazun») տնտեսական խորհրդի պատվիրակությանը՝ խորհրդի գործադիր տնօրեն Թարեք ալ Հոսանի գլխավորությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից,Թավազուն տնտեսական խորհուրդը հիմնադրվել է 1992 թվականին, Աբու Դաբիում և գործունեություն է ծավալում հիմնականում ռազմարդյունաբերական ոլորտի ժամանակակից տեխնոլոգիական ու նորարարական լուծումների ուղղությամբ:

Նախագահ Սարգսյանը, մասնավորապես, ողջունելի է համարել այն, որ արդեն իսկ կան համագործակցության համար հետաքրքրություն ներկայացնող ոլորտներ: Նա վստահություն է հայտնել, որ այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները սկիզբ կդառնան հետագա փոխգործակցության համար:

Խորհրդի գործադիր տնօրենը նշել է, որ այն, ինչ տեսել են հայաստանյան ինժեներական և նորարարական ընկերություններում, տպավորիչ է և լավ հիմք է ստեղծում հետագա գործընկերության համար: «Մենք ակնկալում ենք երկարատև ու արդյունավետ համագործակցություն»,- ընդգծել է նա:

Զրուցակիցները խոսել են նորագույն տեխնոլոգիաների, կրթության, մասնավորապես ուսանողների փոխանակման և գիտահետազոտական ոլորտներում փոխգործակցության հնարավորությունների մասին: Այս համատեքստում նախագահ Արմեն Սարգսյանը ներկայացրել է ATOM (Advanced Tomorrow) նախագահական նախաձեռնությունը, որն ուղղված է Հայաստանում նորագույն տեխնոլոգիաների և գիտության զարգացմանը: Ծրագիրը, ի թիվս այլ բաղադրիչների, նպատակ ունի տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում միջազգային խոշոր տեխնոլոգիական ընկերություններին բերել Հայաստան՝ գիտահետազոտական, ուսումնական ծրագրեր իրականացնելու նպատակով։ «Դա կստեղծի ճիշտ միջավայր և կօգնի սովորել խոշոր ընկերություններից»,-ընդգծել է նախագահ Սարգսյանը: Նա առաջարկել է դիտարկել համագործակցության հնարավորությունները նաև այս ծրագրի շրջանակում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am