Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Մայիս

Մեր ակնկալիքն է, որ Հայաստանը 2050թ. ունենա նվազագույնը 5 մլն բնակչություն. Զարեհ Սինանյան

Մեր ակնկալիքն է, որ Հայաստանը 2050թ. ունենա նվազագույնը 5 մլն բնակչություն. 
Զարեհ Սինանյան

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակն աշխատում է «Հայաստան 2050»  տեսլականի ուղղությամբ: Ակնկալում են, որ մինչև 2050 թվականը Հայաստանն ունենա նվազագույնը  5 մլն բնակչություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`ՀՀ ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումներում այս մասին ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը` պատասխանելով ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի հարցին:

Թունյանը հետաքրքրվեց, թե հայրենադարձության, մասնագետների ներգրավման համար գրասենյակն ինչ թիրախներ է նախանշել: «Հասկանում ենք, որ դա երկարատև գործընթաց է, սակայն պետք է որոշակի թեկուզ մոտավոր թիրախներ լինեն»,-նշեց նա ու հետաքրքրվեց, թե արդյոք գնահատե՞լ են սփյուռքի ներուժը, երբ ասում են, որ պետք է այդ ներուժն օգտագործեն:

«Մենք կոնկրետ հիմա աշխատում ենք «Հայաստան 2050» տեսլականի վրա: Մեր ակնկալիքն է, որ մինչև 2050 թվականը Հայաստանն ունենա նվազագույնը 5 մլն բնակչություն»,-ասաց Սինանյանը:

Նա կարևորեց այս ուղղությամբ ձեռնարկվող շարունակական քայլերը`նկատելով, որ եթե հաջորդ երեք տարուց չունենանք տասնյակ հազարավոր հայերի ներգաղթի գործընթաց, նշանակում է, որ 2050 թվականին 5 մլն թվին չեն հասնի: Հանձնակատարը նշեց` հիմա նախատեսում են  մասնագետների ներգրավման գործընթացը: Սինանյանը կարևորեց, որ ՀՀ պետական ապարատում սփյուռքի 10-20 տոկոս մասնագետների ներգրավվածության պրակտիկա ձևավորեն:

Սինանյանը նշեց` եթե իմանա, որ Հայաստանի կառավարությունը կարող է նորմալ աշխատավարձ վճարել սփյուռքից` աշխարհի լավագույն համալսարաններ ավարտված որոշակի թվով մասնագետների, ինքը հավաստիացնում է, որ 1 ամսում կբերի այդ անձանց: Նա շեշտեց` այդ մասնագետները կան, հարցը նրանում է, թե արդյոք կարող են այդ գործընթացը սկսել:

Անդրադառնալով սփյուռքում առկա ռեսուրսի գնահատման հարցին` նա նշեց, որ համակարգված իմաստով այդ ռեսուրսը չեն ճանաչում, գիտեն, որ հսկայական ռեսուրս ունի, սակայն կոնկրետ չգիտեն: «Դրա համար ունենք քարտեզագրման ծրագիր, որի նպատակն է այդ ռեսուրսը ոչ միայն գլոբալ, այլ նաև անհատական իմաստով ճանաչել»,-ասաց նա:

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ