Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Կոչ ենք անում Չմիավորման շարժման անդամ պետություններին հավատարիմ մնալ իրենց իդեալներին. Արցախի ԱԳՆ

Կոչ ենք անում Չմիավորման շարժման անդամ պետություններին հավատարիմ մնալ 
իրենց իդեալներին. Արցախի ԱԳՆ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաքվում կայացած Չմիավորման շարժման գագաթնաժողովի Ամփոփիչ փաստաթղթում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության էությունը խեղաթյուրող դրույթների ներառումն Ադրբեջանի հերթական փորձն է՝ տվյալ միջազգային ֆորումից կանխապես աջակցություն ստանալ իր քաղաքականության համար՝ ուղղված Արցախի մեկուսացմանը, առճակատման շարունակմանը, Արցախի ժողովրդի կողմից իր անկապտելի իրավունքների և ազատությունների իրականացմանը խոչընդոտելուն։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարություն է տարածել Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության  տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: 

«Գագաթնաժողովի Ամփոփիչ փաստաթղթի ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող ձևակերպումները հակասում են անկողմնակալության ու անաչառության սկզբունքին և միտված են միջազգային հանրության, մասնավորապես, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության՝ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերի խափանմանը։

Ֆորումի Ամփոփիչ փաստաթղթի տեքստում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման տրամաբանությանը հակասող դրույթներ ներառելու նպատակով Ադրբեջանի՝ իր ընդունող կողմի կարգավիճակի չարաշահումը ոչ այլ ինչ է, քան Շարժման նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքի դրսևորում։ 

Ափսոսանք է առաջացնում այն, որ Չմիավորման շարժումն Ադրբեջանին թույլ է տալիս օգտագործել կազմակերպության հարթակը հակահայկական քարոզչության և Շարժման նպատակներին ու սկզբունքներին չհամապատասխանող արտաքին քաղաքական օրակարգի առաջմղման համար։

Կոչ ենք անում Չմիավորման շարժման անդամ պետություններին, որոնց մեծամասնությունն անկախություն և ինքնիշխանություն է ձեռք բերել ինքնորոշման իրավունքի իրացման արդյունքում, հավատարիմ մնալ իրենց իդեալներին ու Շարժման ոգուն և հարգանք ցուցաբերել Արցախի ժողովրդի կողմից իր ինքնորոշման ու զարգացման իրավունքի իրացման փաստի հանդեպ։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am