Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Արարատ Միրզոյանը հանդիպել է Իտալիայի Սենատի նախագահ Մարիա Էլիզաբետա Ալբերտի Կազելատիին

Արարատ Միրզոյանը հանդիպել է Իտալիայի Սենատի նախագահ Մարիա Էլիզաբետա 
Ալբերտի Կազելատիին

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական այցով Իտալիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 28-ին հանդիպել է Իտալիայի Սենատի նախագահ Մարիա Էլիզաբետա Ալբերտի Կազելատիին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, Արարատ Միրզոյանը, ողջունելով Սենատի նախագահին, չափազանց կարեւորել է հայ-իտալական միջխորհրդարանական շփումները եւ համոզմունք հայտնել, որ այս այցով հիմք է դրվում առավել ակտիվ համագործակցությանը, ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերում: Արարատ Միրզոյանը շեշտել է, որ մեր երկու երկրներում գործող խորհրդարանական համակարգը շատ ավելի մեծ հնարավորություններ ու ներուժ է պարունակում եւ այն անհրաժեշտ է իրագործել լիարժեքորեն: Կողմերը գոհունակությամբ արձանագրել են, որ վերջին ժամանակաշրջանում ակտիվացել են շփումները բարեկամական խմբերի միջեւ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել առավել սերտ համագործակցել նաեւ ԵԱՀԿ ԽՎ եւ ԵԽԽՎ պատվիրակությունների մակարդակով:

ԱԺ նախագահը երախտագիտություն է հայտնել Սենատի կողմից 2019 թ. սեպտեմբերի 25-ին ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման համար: Երկուստեք հույս է հայտնվել, որ հնարավորինս մոտ ապագայում այն կվավերացվի նաեւ Իտալիայի պատգամավորների պալատի կողմից: Այս առնչությամբ Արարատ Միրզոյանը տեղեկացրել է, որ հայկական կողմն ակնկալում է նաեւ իտալացի գործընկերների աջակցությունը վիզաների ազատականացման երկխոսության գործընթացը մեկնարկելու հարցում:

Մարիա Էլիզաբետա Կազելատին գոհունակություն է հայտնել երկու երկրների միջեւ բարձրաստիճան շփումների աշխուժացման կապակցությամբ` հատուկ ընդգծելով Հայաստանի Ազգային ժողովի եւ Իտալիայի Սենատի պատգամավորների միջեւ հաճախակի դարձած հանդիպումներն ու քննարկումները՝ ներառյալ հանձնաժողովների մակարդակով:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին` Կազելատին նշել է, որ Իտալիան շարունակում է հավատարիմ մնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հավասարակշռված դիրքորոշմանը: Պատասխանելով Արարատ Միրզոյանի այն դիտարկմանը, որ իտալական խորհրդարանի հարթակը երբեմն օգտագործվում է ԼՂ հիմնահարցում խաղաղ գործընթացին չնպաստող շահարկումներ անելու համար, Մարիա Էլիզաբետա Կազելատին նշել է, որ Իտալիայի խորհրդարանի մոտեցումները համահունչ են պետության պաշտոնական դիրքորոշմանը:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել երկու երկրների միջեւ տնտեսական եւ մշակութային կապերի ակտիվացմանը: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am