Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Լոռին հայրենաճանաչության դասագիրք է, իսկ Վանաձորը՝ նրա գեղեցիկ էջերից մեկը. Արմեն Սարգսյան

Լոռին հայրենաճանաչության դասագիրք է, իսկ Վանաձորը՝ նրա գեղեցիկ էջերից մեկը. 
Արմեն Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձ է հղել Վանաձորի օրվա առթիվ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, շնորհավորական ուղերձում ասվում. 

«Սիրելի՛ վանաձորցիներ,

Վանաձորի հյուրեր ու Վանաձորին սիրահարվածներ,

Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ քաղաքի օրվա առթիվ:

Լոռին հայրենաճանաչության հրաշալի դասագիրք է, իսկ Վանաձորը՝ նրա ամենաբովանդակալից ու գեղեցիկ էջերից մեկը: Սակայն ամենամեծ հարստությունը, համն ու հոտը մարդիկ են՝ լոռեցու խորը պարզությամբ ու պարզ խորությամբ, բնության հետ միաձուլված և բնության հետ համահունչ: Ես դա գիտեմ անձամբ, որովհետև դեռ մանկության տարիներից եմ առնչվել Լոռվա ձորի, Գուգարաց կախարդական աշխարհի հետ, Մեծն լոռեցու պատկերած աշխարհի հետ՝ «մոտիկ աստծուն, աստղերին, լուսնին, երկնային շնորհքներին ու գաղտնիքներին»: Լավագույն հիշողություններս ինձ հետ են մինչ այսօր:

Սիրելի՛ վանաձորցիներ,

Ամեն մեկդ յուրովի, բայց ամուր կապված եք ձեր քաղաքին: Քաղաք, որը մեկիդ համար ծննդավայր է, մյուսի համար՝ հարազատ օջախ, երրորդի համար՝ երկուսը միասին, չորրորդի համար՝ հյուրընկալ անկյուն, հինգերորդի համար՝ հանգստյան վայր... Այսպես երկար կարելի է շարունակել, որովհետև Վանաձորը շատ արժանիքներ ունի:

Ձեզնից յուրաքանչյուրը նրա յուրօրինակ շարունակությունն է, նրա արտացոլանքը, նրա շունչն ու հարստությունը: Հարստացեք Վանաձորով ու հարստացրեք Վանաձորը ձեզնով՝ մտահղացումներով, գաղափարներով, առաջին պահից անիրականալի թվացող երազանքներով, որոնք ձեր շնորհիվ շատ շուտ կարող են դառնալ տեսանելի, զարգացնել հայրենի քաղաքը, հայրենիքը:

Շնորհավորում եմ բոլորիդ:

Տոնդ շնորհավոր, Վանաձո՛ր»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am