Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Մարուքյանը պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման գործընթացում նկատել է տարբերակվածության խնդիր

Մարուքյանը պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման գործընթացում նկատել է 
տարբերակվածության խնդիր

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը պաշտոնյաների՝ վերջին շրջանում հայտնի դարձած աշխատավարձերի բարձրացման գործընթացում տեսնում է տարբերակվածության խնդիր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մարուքյանը նման տեսակետ հայտնեց խորհրդարանական ճեպազրույցում:

Մարուքյանը նշեց՝ հասկանում են, որ պաշտոնատար անձինք պետք է բարձր աշխատավարձ ստանան՝ ներկայացուցչական և այլ ծախսերից ելնելով, նաև համաձայն է վարչապետի այն մտքին, որ պետք է ուրախանալ, որ մարզպետն այդ աշխատավարձի բարձրացման կարիքն ունի, այսինքն՝ ներգրավված չէ կոռուպցիոն գործընթացներում: «Սակայն հարցը կապված է ընթացքի, տարբերակվածության հետ: Նախարարներին, փոխնախարարներին և մարզպետներին նշանակում է կառավարությունը կամ վարչապետն անմիջականորեն: Այսինքն՝ ստացվում է, որ ում անմիջական նշանակում են, միայն նրանց աշխատավարձերն են բարձրացրել»,-ասաց Մարուքյանը:

Մարուքյանի կարծիքով՝ աշխատավարձերի բարձրացման համար նախատեսված սանդղակի շեմն անցել են՝ առանց խորհրդարանի հետ քննարկելու, իրենք բյուջեն հաստատելիս մտածել են, որ խոսքը գնում է 30 տոկոսի մասին, թեև վարչապետն Ազգային ժողովում, պատասխանելով Մարուքյանի հարցին, նշել էր, որ այդ հարցը հրապարակայնորեն ներկայացվել է խորհրդարանին դեռ բյուջետային քննարկումների ժամանակ: Վարչապետը շեշտել էր՝ իրենք բյուջետային քննարկումներին նշել են 30 տոկոսի մասին, սակայն չեն ասել, որ աշխատավարձերը բարձրանալու են 30 տոկոսով, այլ ասել են, որ գերատեսչության բյուջեից աշխատավարձի ֆոնդի 30 տոկոսի չափով սահմանվելու է պարգևատրումային ֆոնդ: Փաշինյանը նկատել էր՝ խորհրդարանը դա ընդունել է, դա նշանակում է, որ կառավարությունը կարող էր այդ 30 տոկոսն իր հայեցողությամբ օգտագործել:

Նախարարների, փոխնախարարների, մարզպետների աշխատավարձերի բարձրացման մասին հայտնել էր լրատվամիջոցներից մեկը: Այս թեմային խորհրդարանում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ անդրադարձել էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա մասնավորապես նշել էր, որ գործընթացը գաղտնի չի եղել, Ազգային ժողովում 2019-ի բյուջետային քննարկումների  ժամանակ այդ հարցը հրապարակայնորեն ներկայացվել է, իրենք ներկայացրել են, որ պարգևատրումային ֆոնդի 30 տոկոսի չափով բոլոր մարմինների համար սահմանում են պարգևատրումների ֆոնդ: Բացի այդ, վարչապետը նշել էր, որ այդ որոշման արդյունքում ոմանց աշխատավարձերը բարձրացել են, ոմանցը` իջել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am