Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Նոյեմբեր

ԵՊԲՀ-ում կայացել է ականավոր սրտաբան, ակադեմիկոս Կառլեն Ադամյանին նվիրված նիստ

ԵՊԲՀ-ում կայացել է ականավոր սրտաբան, ակադեմիկոս Կառլեն Ադամյանին նվիրված 
նիստ

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում հոկտեմբերի 23-ին տեղի է ունեցել Հետբուհական շարունակական կրթության ֆակուլտետի սրտաբանության ամբիոնի նիստ, որը նվիրված էր սրտաբանության հիմնադիր, ակադեմիկոս Կառլեն Ադամյանի գիտական ժառանգությանը, նրա կենսագրությանն ու մասնագիտական գործունեությանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԵՊԲՀ հասարակայնության հետ կապերի բաժնից։

«ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ողջունելով անվանի սրտաբանին և ներկաներին՝ ընդգծեց, որ այսպիսի նիստերը ևս մեկ անգամ ընդգծում են բոլորի ակնածանքն ու անսահման հարգանքն ուսուցիչների նկատմամբ: Բժշկության պատմության մեջ հետք թողած բուհի ականավոր շրջանավարտներն իրենց ներկայությամբ ու կատարած աշխատանքով զարդարում են ամբողջ առողջապահական համակարգն ու բժշկության պատմությունը: «Խոնրավելով ձեր անցած ուղու առջև՝ խորին շնորհակալություն եմ հայտնում Ձեզ՝ որպես մեծ ուսուցիչ, բժիշկ, կլինիցիստ, վարչարար, գիտնական ու մանկավարժ»,-ասաց Արմեն Մուրադյանը:

Հայաստանի կամերային նվագախմբի քառյակի ելույթով մեկնարկեց Կառլեն Ադամյանին նվիրված միջոցառումը, որից հետո ցուցադրվեց անվանի սրտաբանի մասին պատմող ֆիլմ: Դեռ դպրոցական նստարանից Կառլեն Ադամյանը աչքի է ընկել աշխատասիրությամբ ու նվիրումով: Ինչն էլ ուղղորդում է նրան Բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետ, որտեղ էլ արժանանում է «Լավագույն տրամաբանություն ունեցող» ու «Ամենաերևելի ուսանող» կոչումներին: Նա հստակ որոշել էր՝ բուժել մարդկանց սրտերը: «Բժշկության մեջ համառություն և աշխատասիրություն է պետք: Դրանով է տարբերվում բժշկի մասնագիտությունը»,-ընդգծեց Կառլեն Ադամյանը, ով մեծ ավանդ ունի տարբեր սերունդների սրտաբանների կայացման գործում:

Ժամացույցի սիրտը մեխանիզմն է, իսկ նա սիրում է ժամացույցի ճշգրտությունը, միայն թե ժամացույցի փոխարեն գործ ունի սրտի հետ: Նույն ճշգրտությամբ էլ երկար տարիներ Կառլեն Ադամյանը չափում է հարյուրավոր սրտերի զարկեր: Բժշկական գրքերը, վիրահատություններն ու հետազոտությունները նրա կյանքի ուղեկիցներն են: Երկար տարիներ՝ մարդկային սրտի հետ պայքարի բռնված, նա բժշկել ու հիմա էլ շարունակում է բժշկել իր գրքերի միջոցով:

«Երբ վերլուծում ես կյանքդ, դժվար է չհասկանալ մարդկանց վերաբերմունքը: Ես կարծում եմ, որ ինչ-որ արել եմ, մարդիկ ինձ վերդարձրել են ավելին»,- ասաց անվանի գիտնականը՝ մեջբերելով իր մոր խրատները, որ լավությանը պետք է լավությամբ պատասխանել, բայց և քո անձի հանդեպ թույլ չտալով վատություն:

Կառլեն Ադամյանին ողջունելու էին եկել անվանի բժիշկներ, ընկերներ, գործընկերներ, նրանք, ովքեր սովորել նրանից, առաջնորդվել են խորհուրդներով և կյանքի երկար ճանապարհ են անցել՝ կայանալով բժշկագիտության ոլորտում: Նրանց բոլորի խոսքում կարմիր թելի պես անցնում էր մի միտք՝ Կառլեն Ադամյանը մահվան դեմ կյանքի պայքար մղելով՝ միշտ տվել է պայքարելու հավատ»,- նշված է հաղորդագրության մեջ:

 

 




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ