Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Նոյեմբեր

Երևանում մեկնարկել է «Կրթություն բոլորի համար» ամենամյա եռօրյա համաժողովը

Երևանում մեկնարկել է «Կրթություն բոլորի համար» ամենամյա եռօրյա համաժողովը

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում մեկնարկել է «Կրթություն բոլորի համար» ամենամյա եռօրյա համաժողովը, որի բացմանը ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համաժողովը Հայաստանում անց է կացվում առաջին անգամ, իսկ նախորդ անգամ հյուրընկալողը Նեպալն էր։ Մասնակցում է մոտ 75 երկրից եկած 450 ներկայացուցիչ։

Հայաստանում են  Լիխտենշտեյնի արքայադուստր Տատյանան, «Աշխարհի լավագույն ուսուցիչ» 2019 թվականի տիտղոսակիր Փիթեր Թաբիչին, Համաշխարհային բանկի կրթության գլոբալ պրակտիկայի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի ղեկավար Հարրի  Փաթրինոսը։

«Կրթություն բոլորի համար» միջազգային ցանցի գործադիր տնօրեն եւ համահիմնադիր Ուենդի Քոփը, ողջունելով ներկաներին, նշեց, որ ներկայիս կյանքում առկա են սոցիալ-տնտեսական և քաղաքական բազմաթիվ խրթին մարտահրավերներ, որոնք պահանջում են համաշխարհային հավաքական լուծումներ:

«Մենք այդ ամենից եզրակացրինք, որ այսօրվա սովորողները, պետք է մեծանան որպես առաջնորդ և ունենան որոշակի մտածելակերպ ու հմտություններ: Փոփոխվող տնտեսության մեջ նրանք պետք է կարողանան լուծել խնդիրները, որոնք օրեցօր ավելի են բարդանում և կերտեն ավելի պայծառ ապագա»,- նշեց Քոփը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար կրթությունը շարունակական գործընթաց է: Նրա խոսքով՝ յուրաքանչյուրի կրթական մակարդակն ամեն հաջորդ օր պետք է թեկուզ մի փոքր ավելի բարձր լինի, քան նախորդ օրը:

«Ինձ համար կրթությունը շարունակական պրոցես է, և այդ է պատճառը, որ հիմա մենք քննարկում ենք մեր երկրում ռազմավարական տեսլական: Այնտեղ մի կետ ունենք և հույս ունենք դա մեր երկրի համար իրականություն դարձնել. դա ձևակերպում ենք հետևյալ կերպ՝ կրթությունը դարձնել ազգային ապրելակերպ Հայաստանի Հանրապետությունում: Մարդու կրթությունը պետք է շարունակվի ողջ կյանքում: Ես նաև այսպիսի կարգախոս եմ առաջարկել, որ մեզնից յուրաքանչյուրի կրթական, ինտելեկտուալ մակարդակը ամեն հաջորդ օր թեկուզ մի փոքր ավելի բարձր պետք է լինի, քան նախորդ օրը»,- նշեց վարչապետը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ «Կրթություն բոլորի համար» կարգախոսը լիովին համապատասխանում է այն քաղաքականությանը, որը պետությունն՝ ի դեմս նախարարության անցկացնում է կրթության որակի բարձրացման նպատակով:

«Այդպիսի մեծ ներկայացվածությունը, տարբեր մեթոդաբանության ուսումնասիրումն անչափ օգտակար են կրթության ոլորտում ռազմավարության մշակման և իրականացման համար: Այս ծրագրից տարբեր մասնագետներ ներգրավված են Հայաստանի դպրոցների աշխատանքին: Արդեն շոշափելի արդյունքներ կան: Կրթական մթնոլորտի փոփոխությունները, փակ տարածքներից աշակերտների դուրսբերումը նրանց մոտիվացնում են և գիտելիքներ ստանալու ձգտում առաջացնում»,- նշեց նա:

Երևանում «Կրթություն բոլորի համար» միջազգային ցանցի ամենամյա համաժողովը կշարունակվի մինչև հոկտեմբերի 23-ը: Համաժողովը հյուրընկալել են «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամը և «Կրթություն բոլորի համար» միջազգային ցանցը և միավորել այդ ցանցի համայնքի ավելի քան 450 անդամի: Համաժողովի հիմնական նպատակն է՝ նախապատրաստել աշակերտներին հարափոփոխ աշխարհի կերտմանը:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ