Շրջակա միջավայրի նախարարը ներկայացրեց Սևանի մակարդակի ու ջրառի վերջին տվյալները
ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սևանա լճից 2019թ. ընթացքում բաց է թողնվել 140 միլիոնից մի փոքր ավելի ջուր, իսկ լճի մակարդակը բարձրացել է 5 սանտիմետրով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հոկտեմբերի 10-ին ՀՀ կառավարության նիստում ասաց Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:
«Այս պահի դրությամբ Սևանից բաց է թողնվել 140 միլիոնից մի փոքր ավելի ջուր, և ամենայն հավանականությամբ, այլևս կարիք չի լինի, եթե լինի էլ, ապա շատ փոքր ծավալներով: Մենք ոչ միայն լրացուցիչ ջրի կարիք չունեցանք, այլև մոտ 30 մլն խորանարդ մետրով պակաս վերցրեցինք, որը մոտավորապես հավասար է այն ծավալին, ինչն անցյալ տարի ավելի ենք վերցրել: Այս պահի դրությամբ 5 սմ-ով բարձր է Սևանա լճի մակարդակը, և շատ ավելի բարձր կլիներ այն, եթե բնակլիմայական պայմանները մոտ լինեին միջին տարեկան ցուցանիշներին»,- ասաց Գրիգորյանը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում