Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայաստանը կփորձի ունիկալ լինել տեխնոլոգիական առաջխաղացման ոլորտում. Տիգրան Ավինյան

Հայաստանը կփորձի ունիկալ լինել տեխնոլոգիական առաջխաղացման ոլորտում. 
Տիգրան Ավինյան

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությունը կարևորում է տեխնոլոգիաների դերը և կփորձի տեխնոլոգիական առաջխաղացման ոլորտում ունիկալ լինել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանում անցկացվող Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին պանելային քննարկմանը նման տեսակետ հայտնեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Աշխարհաքաղաքական փորձագետ, տեխնոլոգիական ֆուտուրիստ, գրող Ջեյմի Մեթզլն իր հերթին նախ նկատեց, որ տեխնոլոգիական առաջընթացի հարցում Հայաստանը հիանալի հնարավորություն ունի՝ առաջնորդելու փոփոխությունների ալիքը: «Դուք կարող եք նայել աշխարհին, տեսնել, թե մյուսներն ինչ են անում և դասեր քաղելով արագ առաջ շարժվել: Դա անելու համար դուք ունեք հիանալի ժողովուրդ, հիանալի կառավարության ղեկավարներ,-ասաց Մեթզլն ու հետաքրքրվեց, թե ինչի է ձգտում հասնել Հայաստանը, որ երկրների օրինակից է ոգեշնչվում, նա միևնույն ժամանակ նկատեց, որ Հայաստանը շատ հարցերում տարբերվում է, օրինակ՝ ունի իր ունիկալ լեզուն:

«Քանի որ մենք ունիկալ ենք շատ ոլորտներում, մենք կփորձենք ունիկալ լինել նաև տեխնոլոգիական առաջխաղացման ոլորտում, ես հավատում եմ դրան: Նշված երկրները՝ Սինգապուրը, Իսրայելը և այլ երկրներ թվայնացնում են հանրային ծառայությունները, հանրային կառավարումը, բիզնես գործընթացները, բայց կարծում եմ, որ յուրաքանչյուր երկիր ունի իր խնդիրներն ու միտումները»,-ասաց Ավինյանը:

Նա նկատեց, որ բոլոր կառավարությունները տեխնոլոգիական առաջխաղացման հետ բախվելու են աշխատաշուկայում տեղաշարժերի հարցին: Ավինյանը նշեց՝ դա այն խնդիրն է, որը Հայաստանն ուզում է ապագայում լուծել:

Ավինյանը հիշեցրեց  «Աշխատիր Հայաստան» ծրագրի մասին, որը, մասնավորապես, կենտրոնացած է ոչ թե այսօրվա, այլ ապագայի աշխատանքների վրա: Նա շեշտեց՝ ՀՀ կառավարությունն ուզում է գտնել տեխնոլոգիական լուծումներ: «Ամեն ինչ հիմնված է  կրթական համակարգի վրա, որը ուսանողներին պատրաստում է աշխատաշուկայի համար»,-նշեց նա ու հավելեց՝ թվային օրակարգի շուրջ գործադիրը կաշխատի Սինգապուրի հետ, մի քանի նախաձեռնություններ կան, սակայն յուրաքանչյուր երկրում առկա են նաև տեղական խնդիրներ, որոնք պետք է լուծվեն տեղի ուժերով:

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ,«WCIT 2019» կազմակերպչական կոմիտեի նախագահԱլեքսանդր Եսայանը նկատեց՝ բիզնես համայնքները կառավարություններին հաճախ մեղադրում են այն հարցում, թե ինչու փոփոխություններն արագ չեն արվում, սակայն այնպես չէ, թե հանրային սեկտորը դա չի հասկանում, հարցը համակարգում առկա դժվարություններն  են: Նա նշեց՝ բիզնեսի համար ավելի հեշտ է նոր բաներ իրագործելը: «Տեխնոլոգիայի ոլորտը բարգավաճում է, և մենք պետք է օգտագործենք մեր սեփական ռեսուրսները: Եվ Հայաստանն ունի հնարավորություն՝ օգտագործելու սեփական հնարավորությունները՝ զարգացնելու ծրագրային լուծումներ, որոնք կարող են ավելի առաջադեմ լինել, քան այլ երկրներինը»,-ասաց Եսայանը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am