Տնտեսություն

Քիմ Քարդաշյանը երազում է Հայաստանում հիմնել SKIMS-ի արտադրություն

2 րոպեի ընթերցում

Քիմ Քարդաշյանը երազում է Հայաստանում հիմնել SKIMS-ի արտադրություն

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհահռչակ աստղ Քիմ Քարդաշյանը երազում է Հայաստանում հիմնել իր ընդգծող ներքնաշորերի՝ SKIMS-ի արտադրություն: Այս մասին Երևանում հայտնեց Քարդաշյանը՝ հայաստանյան լրատվամիջոցների հետ ճեպազրույցում պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին:

«Քննարկումներ եմ ունենում հայ գործարարների, ներդրողների հետ, որպեսզի հնարավոր լինի գտնել գործարան իմ ընդգծող ներքնաշորերի արտադրության համար, հասկանալ, թե ինչ կարգի գործարաններ կան, որտեղ ես կարող եմ հինել իմ արտադրությունը: Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ այս այցի ընթացքում: Այսօր երեկոյան (հոկտեմբերի 8-ի-խմբ.) հանդիպում կունենամ այդ հարցը քննարկելու նպատակով: Դա շատ կարևոր է ինձ համար: Իմ երազանքն է բացել SKIMS արտադրություն Հայաստանում: Եթե ոչ դա, գոնե ինչ-որ այլ բիզնես, ես շատ եմ ցանկանում»,-ասաց Քարդաշյանը:

Նա նշում է, որ իր համար շատ հաճելի է աշխատել հայկական բիզնեսի հետ: «Կայցելեմ PicsArt-ի գրասենյակ, նրանց հետ ես աշխատում եմ»,-նշեց նա:

Քիմ Քարդաշյանը ցանկանում է հաճախ այցելել Հայաստան:

SKIMS-ը Քիմ Քարդաշյանի հիմնադրած նոր՝ լուծումներ առաջադրող ուղղությունն է ներքնաշորերի արտադրության մեջ. դրանք, ամբողջովին և ձիգ ընդգրկելով մարմինը, տալով հատուկ ձև, անթերիության տպավորություն են ստեղծում:

Քարդաշյանը Հայաստանում է իր չորս երեխաների, քրոջ՝ Քորթնիի և նրա երեք երեխաների հետ: Հոկտեմբերի 7-ին նրանք իրենց երեխաներին մկրտել են Մայր Աթոռ Սբ Էջմիածնում: Քարդաշյանը հոկտեմբերի 8-ին ելույթ է ունեցել Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին՝ WCIT 2019-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում