Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Դեպքեր և փաստեր. Հովիկ Չարխչյանը ընթերցողներին ներկայացրեց «Անժամանակ» գիրքը

Դեպքեր և փաստեր. Հովիկ Չարխչյանը ընթերցողներին ներկայացրեց «Անժամանակ» 
գիրքը

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Խաչատուր Աբովյանի, Վահան Տերյանի, Պետրոս Դուրյանի, Լև Տոլստոյի, Մաքսիմ Գորկու և այլ մեծերի կյանքին ու գործունեությանը վերաբերող բազմաթիվ հետաքրքիր փաստեր, որոնք հայտնի չեն հանրության լայն շրջանակին, տեղ են գտել գրող, գրականագետ, լրագրող Հովիկ Չարխչյանի «Անժամանակ» գրքում, որի շնորհանդեսը տեղի ունեցավ հոկտեմբերի 4-ին «Դարան» գրախանութում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Անժամանակ»-ը «Դարակ» հրատարակչության «Ժամանակ» մատենաշարի առաջին գիրքն է:

«Մեր օրերում հաճախ եմ լսում «ժամանակի հերոս» արտահայտությունը: Կան մարդիկ, որոնք եղել են իրենց ժամանակի հերոսը, կան մարդիկ, որոնք բոլոր ժամանակների հերոսներն են: Հենց այդ մարդկանց լիարժեք ճանաչելու համար անհրաժեշտ է  տեղաշարժվել ժամանակի մեջ ու մոռացության փոշուց  դուրս բերել նրանց»,-մեզ հետ զրույցում ասաց Հովիկ Չարխչյանը:

Նա նշեց, որ գրքում զետեղված է 55 պատմություն մարդու ժամանակի և ժամանակի մարդու մասին: «Եթե ոչ 55, ապա գոնե հինգ կամ վեց նոր բան ընթերցողը կգտնի այդ գրքում»,-վստահեցրեց գրողը:

Չարխչյանը պատմեց, որ գրքում կա մի պատմություն այն մասին, որ Հայկական ատոմային էլեկտրակայանում 80-ականներին մեծ  վթար է տեղի ունեցել, որը կարող էր լուրջ հետևանքներ ունենալ, բայց գտնվել են մարդիկ, որոնք փրկել են և՛ ատոմակայանը, և՛ Հայաստանը: Չարխչյանի խոսքով՝ շատ քչերը գիտեն այդ մասին: Հեղինակն անդրադարձել է նաև Վահան Տերյանի Էջմիածնի գանձերը փրկելու, Չարենցի և Դերենիկ Դեմիրճյանի աղջիկ փախցնելու  և այլ պատմությունների:

«Նյութերը հավաքելիս օգտվել եմ տարբեր աղբյուրներից՝ արխիվներ, զրույցներ ականատեսների հետ և այլն: Ինձ բավարարված եմ զգում, որովհետև մշտապես ուզում եմ մարդկանց պատմել այն, ինչի մասին չգիտեն, բայց միայն պատմելն ինքնանպատակ կլիներ. անհրաժեշտ են փաստեր»,-ընդգծեց Չարխչյանը:

Գրքի խմբագիր Աշոտ Գաբրիելյանն էլ խոստովանեց, որ առաջին հերթին իրեն գրավել է մատենաշարի ստեղծման գաղափարը: «Շատ հետաքրքիր հոդվածներ, փաստագրական նյութեր գիրք չէին դառնում: Մատենաշարի միջոցով անդրադառնում ենք այդ նյութերին: Չարխչյանը տարիներ շարունակ տարբեր փաստերի հետ է աշխատում, ուստի  որոշեցի, որ մատենաշարի առաջին գիրքը պետք է նրանը լինի»,-ասաց խմբագիրը:

Գաբրիելյանը տեղեկացրեց, որ մեկ շաբաթ հետո ներկայացնելու են մատենաշարի երկրորդ գիրքը, որի հեղինակն Աննա Բաբաջանյանն է: Գիրքը վերաբերում է կինոյին ու թանգարանային բացառիկ նմուշներին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am