Առաջին ընթերցմամբ ընդունվեց բուժհաստատությունների կողմից լիազորագիր տալու և ստանալու մասին նախագիծը
ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով կարգավորվում են բուժհաստատությունների կողմից լիազորագիր տալու և ստանալու հետ կապված հարցերը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախագիծը հեղինակել են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանն ու Սիսակ Գաբրիելյանը:
Նախագծի համաձայն՝ նոտարի վավերացրած լիազորագրերին հավասարեցվում են հոսպիտալներում, առողջարաններում և զինվորական այլ բուժական հաստատություններում բուժման մեջ գտնվող զինծառայողների ու մյուս անձանց լիազորագրերը՝ վավերացված այդ հաստատության պետի, բուժական մասի գծով նրա տեղակալի, ավագ կամ հերթապահ բժշկի կողմից: Նախատեսվում է, որ լիազորագրերը կվավերացվեն կամ կհաստատվեն անվճար:
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է ներկայացրել նախագծի վերաբերյալ:
Օրենքի նախագիծն ընդունվեց միաձայն՝ 114 կողմ ձայնով:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում