Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ֆիլիպիններ, Ռուսաստան, Ավստրալիա. «Արենի փառատոնը» կընդունի զբոսաշրջիկների տարբեր երկրներից

Ֆիլիպիններ, Ռուսաստան, Ավստրալիա. «Արենի փառատոնը» կընդունի զբոսաշրջիկների 
տարբեր երկրներից

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արենի համայնքում հոկտեմբերի 5-ին արդեն 11-րդ անգամ կանցկացվի «Արենի փառատոնը»:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում «Արենի փառատոն» հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանը նշեց, որ այս տարիներին փառատոնը դարձել է բավական ճանաչելի ու սիրված: Տուրիստական ընկերությունները իրենց տուրփաթեթներում վաղուց արդեն պարտադիր ներառում են «Արենի փառատոնը»՝ զբոսաշրջիկների մեծ հոսք բերելու համար:

«Փառատոնը ոչ միայն նպաստում է զբոսաշրջության զարգացմանը, այլև իր ազդեցությունն է թողնում գինեգործության վրա: Մեծ քանակով գինիներ ենք արտահանում Ռուսաստան, իսկ փառատոնին մեծ թվով ռուս զբոսաշրջիկներ ենք ունենում: Փառատոնը լավ առիթ է ռուս տուրիստների շրջանում գինիները ճանաչելի դարձնելու համար»,- ասաց Նունե Մանուկյանը: Այս տարի մասնակցելու են նոր գինի արտադրողներ:

Հոկտեմբերի 5-ին փառատոնին ներկա են լինելու գինեգործական ընկերություններ, խոշորացված Արենի համայնքի ներկայացուցիչներ: Ներկայացվելու են գինիների տեսականիներ, հայկական բերքն ու բարիքը, տեղի բնակիչների ձեռքի աշխատանքը: Միջոցառումն ուղեկցվելու է երաժշտական ծրագրով: Նունե Մանուկյանը նշեց, որ տարեցտարի ավելանում է այցելող զբոսաշրջիկների թիվը: Կան խմբերով ժամանող զբոսաշրջիկներ, որոնք հենց «Արենի փառատոնի» համար են գալիս: Հիմնադրամը մասնակցության հայտեր է ստացել աշխարհի տարբեր երկրներից՝ Ֆիլիպիններից, Մալայզիայից, Ավստրալիայից, Ռուսաստանից:  

 Արենի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Գևորգ Սիմոնյանը նշեց, որ Արենին խոշորացվել է 2017 թվականին, ընդգրկված է 9 բնակավայր: Փառատոնին բոլոր բնակավայրերն առանձին տաղավարներով կներկայացվեն:

«Արենի փառատոնին» պատրաստվում ենք Մեծ շուքով: Շատ պատասխանատու գործ է։ Պատկերացրեք, 25-30 հազար հյուր ենք ունենալու: Պատվիրակություն ունենք Ռուսաստանից: Ամեն ինչ անելու ենք, որ բարձր մակարդակով անցնի, եթե օրվա վերջում գինովցած զբոսաշրջիկները հայկական պարեր են պարում, ուրեմն փառատոնը ստացվել է (ծիծաղում է)»,-ասաց Գևորգ Սիմոնյանը:

 Փառատոնի գլխավոր հովանավորը ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկն է: Բանկի «Մարքեթինգային հաղորդակցությունների» բաժնի ղեկավար Արտյոմ Ղազարյանը նշեց, որ «Արենի փառատոն» հիմնադրամի հետ համագործակցությունը դառնում է ավանդական:

«Բանկը տևական ժամանակ տնտեսության իրական հատվածի կողքին է: Նման միջոցառումները, որոնք խթանում են այդ հատվածի զարգացումը, միշտ մեր ուշադրության կենտրոնում են: Արենի գինու փառատոնն այդ կարևոր միջոցառումներից մեկն է, այն նպաստում է գինեգործության, զբոսաշրջության զարգացմանը»,-ասաց Արտյոմ Ղազարյանը: Նա նշեց, որ բանկը փառատոնին ներկայացված է լինելու առանձին տաղավարով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am