Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Հոկտեմբեր

Հայաստանն ու Իրանը արձանագրում են երկկողմ ձեռքբերումները

Հայաստանն ու Իրանը արձանագրում են երկկողմ ձեռքբերումները

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-իրանական համագործակցությունը շարունակում է կայուն զարգացում ապրել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցության ձևաչափերում: ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի շրջանակներում Երևանում կայացել է ՀՀ վարչապետի և Իրանի նախագահի հանդիպումը, որն ընթացիկ տարում երկու երկրների ղեկավարների թվով երկրորդ հանդիպումն է (առաջին հանդիպումը կայացել է փետրվարին Թեհրանում): Փաշինյան-Ռոհանի հանդիպումը միտված էր հայ-իրանական քաղաքական և տնտեսական օրակարգային հարցերի առաջմղմանը, որոնց ուղղությամբ աշխատանքները վերջին շրջանում նոր թափ են ստացել: Արդյունքում, Իրանի և Հայաստանի ղեկավարներն արձանագրել են, որ երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալները զգալիորեն աճել են, իսկ համատեղ ծրագրերը շարունակում են հաջողությամբ կյանքի կոչվել, ավելին, առկա է երկկողմ պատրաստակամություն նոր ծրագրեր մշակելու և կյանքի կոչելու համար:

Երևանում կայացած հանդիպման շրջանակներում երկուստեք կարևորվել է հայ-իրանական քաղաքական հարաբերությունների անխափան զարգացումը, որը պետք է հնարավորինս զերծ պահվի աշխարհաքաղաքական ազդեցություններից: ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերականգնման և հակաիրանական կոշտ «արշավի» պայմաններում նման շեշտադրումը պատահական չէ. Հայաստանը հերթական անգամ հավաստում է, որ ի տարբերություն տարածաշրջանային մյուս երկրների (հատկապես՝ Ադրբեջանի)՝ պլացդարմ չի հանդիսանա հակաիրանական գործողությունների համար: Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ Հայաստանը բաց երկխոսություն է ծավալում ինչպես իրանական կողմի, այնպես էլ գործընթացում ներգրավված մյուս կողմերի հետ՝ հստակ ներկայացնելով իր մտահոգություններն ու դիրքորոշումը:

Կարևոր էր նաև արձանագրել, որ Հայաստանում տեղի ունեցած քաղաքական գործընթացները լիովին ընկալված են իրանական ղեկավարության կողմից: Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններից հետո Իրանի նախագահի առաջին այցը Հայաստան, անշուշտ, հենց այս մասին է փաստում: Ավելին, Իրանի նախագահը հավելել է, որ վարչապետ Փաշինյանի գլխավորած թիմի` Հայաստանի կառավարության ղեկավարումը ստանձնելուց հետո երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալները զգալիորեն աճել են, իսկ համատեղ ծրագրերը շարունակում են հաջողությամբ կյանքի կոչվել:

Հայ-իրանական օրակարգի նոր, սակայն բավական կարևոր բաղադրիչ է հանդիսանում Իրան-ԵԱՏՄ համագործակցությունը: Եվ այս տեսանկյունից Իրան- ԵԱՏՄ Ազատ առևտրի ժամանակավոր համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը (ուժի մեջ կմտնի հոկտեմբերի վերջին), ինչպես նաև Հայաստանում ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի ընդլայնված նիստին Իրանի նախագահի մասնակցությունը հրավիրյալ երկրի ղեկավարի կարգավիճակում փաստում է այն մասին, որ այս ուղղությամբ համագործակցությունը մեծ ներուժ ունի: Հայաստանը` որպես Իրանի հետ ցամաքային սահման ունեցող ԵԱՏՄ միակ երկիր, կարող է իր ներդրումն ունենալ այս համաձայնագրից բխող հնարավորությունների առավելագույն իրացման գործում՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Հայաստանի գործարար շրջանակները ԵԱՏՄ մյուս երկրների համեմատ ավելի շահեկան վիճակում են ոչ միայն Հայաստանի աշխարհագրական դիրքի, այլ նաև առկա կապերի և ենթակառուցվածքների շնորհիվ:

Փաշինյան-Ռոհանի հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին: Պետք է նշել, որ 2019թ. հուլիսին Թեհրանում կայացած հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը բավական արդյունավետ էր և շոշափելի արդյունքներ էր արձանագրել, մասնավորապես, էլեկտրահաղորդման երրորդ գծի կառուցման ավարտի վերջնաժամկետի հստակեցման, Մեղրիի ՀԷԿ-ի կառուցման նախագծի որոշակիացման, ինչպես նաև էներգետիկ ոլորտում համագործակցության խորացման և այլ հարցերում: Այս տեսանկյունից հատկանշական է Իրանի նախագահի հայտարարությունն այն մասին, որ Իրանը պատրաստ է ընդլայնել գազ-էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրի ծավալները: Ներկայումս երկկողմ բանակցությունների շրջանակներում քննարկվում է ներմուծվող իրանական գազի ծավալների մեծացման և դրա դիմաց ապրանքներով վճարման տարբերակը: Եվ Հայաստանը հետևողական ջանքեր է գործադրում Հայաստանի համար առավել նախընտրելի՝ ներմուծված գազի դիմաց հնարավորինս շատ էլեկտրաէներգիա արտահանելու տարբերակի հաստատման համար:

Իրանը շահագրգռված է նաև էներգետիկայի ոլորտում տարածաշրջանային նախագծերի կյանքի կոչմամբ և ենթակառուցվածքների զարգացմամբ: Այս տեսանկյունից կարևոր է, որ հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Պարսից ծոցը Սև Ծովին միացնելու տրանզիտային ուղիներին վերաբերող հարցերի շրջանակ: Հայկական կողմը պատրաստակամություն է հայտնել գործնական քայլեր իրականացնել այս ծրագրի կյանքի կոչման ուղղությամբ, որը բխում է մեր երկրի ռազմավարական շահերից:

Ամփոփելով՝ փաստենք, որ հայ-իրանական համագործակցությունն անխափան զարգացնելու կողմերի պատրաստակամությունն իր դրական արդյունքներն է արձանագրում: Եվ այս ուղղությամբ հետևողական և նպատակային աշխատանքը կարող է էապես նպաստել դրա արդյունավետության բարձրացմանը:

Հովսեփյան Արփինե

 




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ