Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   3 Ապրիլ

Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցն ԱՄՆ կատարվել է չարթերային չվերթով. խոսնակ

Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցն ԱՄՆ կատարվել է չարթերային չվերթով. 
խոսնակ

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Ամերիկայի Միացյալ Նահանգներ կատարվել է չարթերային չվերթով, մասնավոր ընկերության միջոցով։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը։

«Ի պատասխան բազմաթիվ լրատվամիջոցների հարցումների` տեղեկացնում եմ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Ամերիկայի Միացյալ Նահանգներ կատարվել է չարթերային չվերթով, մասնավոր ընկերության միջոցով։ Այցի կազմակերպման համար, ընդհանուր առմամբ, հատկացվող գումարը կարող է հասնել առավելագույնը 165 մլն դրամի, իսկ չարթերային չվերթի կազմակերպման նպատակը պայմանավորված է մի քանի հանգամանքներով:

Վարչապետի օրակարգը Միացյալ Նահանգներում խիստ հագեցած է: Արդեն երկար ժամանակ նախապատրաստվում էր Նիկոլ Փաշինյանի այցը Լոս Անջելես, որտեղ կառավարության ղեկավարը մեկ օրում ունեցել է մեկ տասնյակից ավելի հանդիպումներ և միջոցառումներ, որոնց մասին հանրությանը տրվել է պատշաճ տեղեկատվություն։

Այստեղից վարչապետը կրկին հագեցած գրաֆիկով ուղևորվելու է Սան Խոսե` Սիլիկոնյան հովիտ, և կրկին ընդամենը մի քանի ժամում անցկացնելու է մի շարք հանդիպումներ և բանակցություններ բարձր տեխնոլոգիաների ոլորտի առաջատար ընկերությունների հետ: Այնուհետև վարչապետը մեկնելու է Նյու Յորք, ներգրավվելով ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանի աշխատանքներին: ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակում Նիկոլ Փաշինյանն ունենալու է մեկ տասնյակից ավելի հանդիպումներ և միջոցառումներ։ Միաժամանակ հայտնում եմ, որ սեպտեմբերի 28-ին նախատեսված է Սինգապուրի վարչապետի պաշտոնական այցը Հայաստան, և կառավարության ղեկավարը խնդիր ունի մինչ այդ ժամանելու Երեւան։ Առանց հատուկ թռիչքի կազմակերպման` վարչապետի կարևոր աշխատանքային այցը Միացյալ Նահանգներ նման հագեցած գրաֆիկով և սեղմ ժամկետներում անհնար կլիներ կազմակերպել, մանավանդ, որ վարչապետը չէր կարող չմասնակցել սեպտեմբերի 21-ին Հայաստանում նախատեսված միջոցառումներին, այդ թվում՝ «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությանը: Այսուհետ եւս, նման կարգավորումներն արվելու են այնպես, որ հնարավորինս նպաստեն երկրի ղեկավարի այցի առավել արդյունավետ կազմակեպմանը»,- գրել է նա։





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1

https://www.gov.am/files/docs/3969.pdf
youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ