Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Հոկտեմբեր

Ինչ կարելի է ակնկալել Մնացականյան-Մամեդյարով սպասվող հանդիպումից

Ինչ կարելի է ակնկալել Մնացականյան-Մամեդյարով սպասվող հանդիպումից

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանը և Էլմար Մամեդյարովը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ կհանդիպեն սեպտեմբերի 23-ին՝ Նյու Յորքում: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանների ընթացքում երկու երկրների ԱԳ նախարարների հանդիպումները, կարծես, դառնում են օրինաչափ.  նախորդ մի քանի տարիներին ևս տեղի են ունեցել նման հանդիպումներ: Հատկանշական է, որ այս տարվա ընթացքում սա համանախագահների միջնորդությամբ երկու երկրների ԱԳ նախարարների արդեն չորրորդ հանդիպումն է: Մինչ այս կողմերը հանդիպումներ են ունեցել 3 համանախագահ երկրների մայրաքաղաքներում. հունվարին՝ Փարիզում, մարտին՝ Մոսկվայում և հունիսին՝ Վաշինգտոնում: Ինչպես նախորդ հանդիպումների պարագայում, սպասվող հանդիպումից ևս նշանակալի արդյունքներ կամ ճեղքում բանակցային գործընթացում չարժե ակնկալել, քանզի դրա համար պարզապես չկան բավարար հիմքեր:

 Չենք կարող բացառել, որ հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվի հիմնախնդրի քաղաքական կարգավորման սկզբունքներին և տարրերին, սակայն այս հարցում բանակցելու իրավասությունը երկու երկրների ղեկավարներինն է: Ավելին, քաղաքական բանակցությունների համար անհրաժեշտ է կողմերի միջև փոխվստահություն, ինչի մասին այսօր հնարավոր չէ խոսել:

Ուստի, Նյու-Յորքում արտգործնախարարների քննարկման հիմնական առարկան թերևս կարող է լինել բանակցությունների համար անհրաժեշտ միջավայրի ձևավորման և ամրապնդման խնդիրը: Այս առումով մի կողմից կարևոր է քննարկել դեռ նախորդ հանդիպումների (այդ թվում՝ Փաշինյան-Ալիև մակարդակով) ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, մյուս կողմից՝ հնարավոր նոր (հատկապես՝ մարդասիրական) նախաձեռնությունների հարցը:

Բավական կարևոր է, որ հանդիպման ընթացքում քննարկման առարկա դառնա վերջին ամիսներին սահմանային լարվածության պարբերական աճը: Ամռան ընթացքում արձանագրված հրադադարի խախտման դեպքերը, զոհերը ևս մեկ անգամ վկայում են, որ բանակցությունների համար անհրաժեշտ խաղաղ միջավայրի ձևավորումն ունի առաջնահերթ կարևորություն, քանզի առկա են իրավիճակի էսկալացիայի իրատեսական ռիսկեր: Այդ ռիսկերի նվազեցման հարցում բավական օգտակար կարող էր լինել ամիսներ առաջ ՀՀ ԱԳ նախարարի կողմից առաջարկված «Դուշանբե պլյուս»-ի գաղափարը, որը կլինի ոչ միայն Դուշանբեի պայմանավորվածությունների ինստիտուցիոնալիզացիան, այլ նաև կներառի այնպիսի բովանդակային գործիքներ, ինչպիսիք են հետաքննության մեխանիզմը և մոնիթորինգի կարողությունների ուժեղացումը: 

Ցանկալի է նաև, որ հայկական կողմը համանախագահների ուշադրությունը հրավիրի նաև Բաքվի կողմից շարունակվող ռազմատենչ հռետորաբանության վրա, ինչը բացասական է անդրադառնում բանակցային մթնոլորտի վրա և հակասում է ժողովուրդներին խաղաղության նախապատրաստման հանձնառությանը:

Ամփոփելով՝ նշենք, որ բավական կարևոր է նաև այն հանգամանքը, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանն ընդառաջ Հայաստանի և Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանդիպում են ունեցել և հստակեցրել են միմյանց դիրքորոշումներն արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի և օրակարգային հարցերի շուրջ: Թեև նման խորհրդակցությունները հնարավորություն են տալիս թեկուզև միջնորդավորված տեղ հասցնել արցախյան կողմի դիրքորոշումները, այնուամենայնիվ միանշանակ է, որ բանակցային գործընթացում իրական առաջընթացի համար Արցախը պետք է ունենա որոշիչ ձայն և լիարժեք ներգրավվածություն:

 

Նարեկ Մինասյան




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ