Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայ ժողովուրդն իր անկախությանը գնաց հիմնարար, ավելի ամուր ճանապարհով՝ հանրաքվեով. Արամ Մանուկյան

Հայ ժողովուրդն իր անկախությանը գնաց հիմնարար, ավելի ամուր ճանապարհով՝ 
հանրաքվեով. Արամ Մանուկյան

ԳՅՈՒՄՐԻ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի անկախության հռչակագիրն ընթերցած, ԱԺ  նախկին պատգամավոր Արամ Մանուկյանի կարծիքով՝ Հայաստանն իր անկախացման գործընթացով տարբերվեց հետխորհրդային բոլոր պետություններից: Հայաստանն իր անկախությանը հասավ ավելի ամուր, հիմնարար, իրավաբանական ճանապարհով՝ հանրաքվեով, ժողովրդի, բոլորի մասնակցությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մանուկյանը այս մասին խոսեց  Գյումրիում լրագրողների հետ զրույցում:

«Անկախությունը ճանապարհ է դեպի ազատություն: Երջանիկ են այն ժողովուրդները, որոնք  բոլորի մասնակցությամբ են դառնում ազատ, այդ առումով մենք երջանիկ ենք, տարբերվում ենք հետխորհրդային բոլոր երկրներից: Միայն Հայաստանը հանրաքվե արեց, մենք կարող էինք օգոստոսի 23-ի Անկախության հռչակագրով բավարարվել, Գերագույն խորհուրդն արդեն հռչակել էր անկախության գործընթացը, բայց մենք գնացինք, հիմնարար, ավելի երկար, իրավաբանական, ավելի ամուր ճանապարհով՝ հանրաքվե արեցինք: Պատմության մեջ միակ դեպքը, երբ ամբողջ ժողովուրդը կերտեց իր ապագան, իր ճակատագիրը: 2 մլն 42 հազար մարդ՝ գրագետ հասուն քաղաքացի եկավ իր երկրի ճակատագրի համար որոշում կայացրեց: Այս առումով հայ ժողովուրդն այն քիչ ազգերից է, որ իր քաղաքացիների միջոցով որոշեց իր ճակատագիրը»,-ասաց Մանուկյանը:

Մանուկյանը նկատեց՝ ինքը տարվա մեջ երկու անգամ է հարցազրույց տալիս, մեկը՝ օգոստոսին 23-ին, երբ կարդացել է հռչակագիրը և սեպտեմբերի 21-ին, երբ կարդացել է Գերագույն խորհրդի որոշումը: Արդեն 56 անգամ Մանուկյանը փորձում է տարբեր կերպ ներկայացնել, թե ինչ է զգացել: «Ցանկանում եմ մի 30 տարի էլ ներկայացնել, թե ինչ եմ զգացել այդ ժամանակ. Հպարտություն, պարտք, ոգեղեն լից, որովհետև ես իրականացրել եմ իմ բոլոր զոհված ընկերների, իմ նախնիների երազանքը: 600 տարի պայքար են տվել, որ հասնեն անկախության ու չեն հասել: Եվ դու հասարակ մի մարդ այդ բախտին ես արժանացել, ինչ զգացում պիտի ունենաս: Բառերն աղքատ են ներկայացնելու համար այն, ինչ դու զգում ես»,-ասաց Մանուկյանը:

Մանուկյանը նկատեց՝ անկախությունը հոգեբանական հարց է, եթե մարդը ներսից ազատագրվեց, դրսից խնդիր չունի: «Այն պահին, երբ ինքը զգաց, որ կարող է առանց հովանավոր, առանց տեր ապրել, ուրեմն ինքն ազատ է: Եվ անշուշտ հայ ժողովուրդն ունի իր մեջ այդ կրակը, ոգին: Եվ ոչ միայն հայերը, Աստված բոլոր ազգերի և մարդկանց հոգում դրել է ազատության կրակը»,-ասաց Մանուկյանը:

Հայաստանի երրորդ Հանրապետությունը սեպտեմբերի 21-ին նշում է անկախության 28-րդ տարեդարձը: 28 տարի առաջ հայ ժողովուրդը հանրաքվեի միջոցով իր վճռական «այո»-ն ասաց Հայաստանի անկախությանը: Հայաստանի չափահաս բնակչության 95,5% «Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի ժողովրդավարական անկախ պետություն` ԽՍՀՄ կազմից դուրս» հարցին դրական պատասխան տվեց: Արդեն երկու օր անց` սեպտեմբերի 23-ին, երկրի Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ, ինքնիշխան հանրապետություն:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am