Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Սեպտեմբեր

Դատարանը քննարկում է Քոչարյանի խափանման միջոց կալանքի հարցը


ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ սեպտեմբերի 12-ին քննարկվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքի հարցը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դատարանին մի քանի միջնորդություններ են ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները՝ կապված Քոչարյանի նկատմամբ կալանավորման այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու, ինչպես նաև քրեական հետապնդումը անհապաղ դադարեցնելու և ընտրված խափանման միջոցը անհապաղ վերացնելու հետ:

Ռոբերտ Քոչարյանը հունիսի 25-ից գտնվում է կալանքի տակ: Վերաքննիչ քրեական դատարանը որոշել էր կրկին կալանավորել Ռոբերտ Քոչարյանին, ինչպես նաև բեկանել Սահմանադրական դատարան դիմելու և քրեական գործի վարույթը կասեցնելու Երևանի դատարանի որոշումն ու գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:

Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեջ, ինչպես նաև իր պաշտոնեական դիրքն օգտագործելով  «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակից և տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է՝ այդ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008 թվականի փետրվարին և մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 927 միլիոն ՀՀ դրամին համարժեք 3 միլիոն ԱՄՆ դոլար կաշառք:

Գործի շրջանակում սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվում են  նաև 2008 թվականին ՀՀ ՊՆ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանը, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-Երևանի կայազորի պետ Յուրի Խաչատուրովը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար և Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանը: Բացի այդ, Արմեն Գևորգյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և փողերի լվացման մեջ:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ