Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Սեպտեմբեր

ԱԺ-ն նիստերի օրակարգ չընդգրկեց Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին ԲՀԿ-ի նախագծերը


ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը լիագումար նիստերի օրակարգ չընդգրկեց Բարգավաճ Հայաստան խմբակցության՝ գլխադասային հանձնաժողովի բացասական եզրակացություն ստացած երկու օրենքների նախագծերը: Դրանցից մեկով առաջարկվում էր քրեական պատասխանատվություն սահմանել 16 տարին չլրացած անձանց շրջանում ոչ ավանդական սեռական կողմնորոշում քարոզելու համար, մյուսով՝ քրեական պատասխանատվություն սահմանել այն գործատուների համար, ովքեր անձնական նկատառումներից ելնելով աշխատողին կստիպեն ազատման դիմում գրել:

 «Արմենպրես»-ի  հաղորդմամբ՝ սեպտեմբերի 9-ի նիստում Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը ներկայացրեց Գևորգ Պետրոսյանը:

« Մեր խմբակցությունը հեղինակել է նախագիծ, համաձայն որի Քրեական օրենսգրքում կկատարվի լրացում, որով քրեական պատասխանատվություն սահմանվի 16 տարին չլրացած անձանց շրջանում ոչ ավանդական սեռական կողմնորոշում քարոզելու համար»,-ասաց Պետրոսյանը:

Կառավարությունը նախագծին տվել էր բացասական եզրակացություն: Պետրոսյանը չհամաձայնեց պատճառաբանությունների հետ, հատկապես նրա, որ պարզ չէ, թե ինչ է ոչ ավանդական սեռական կողմնորոշումը: Բացի այդ կառավարությունից նշել են, որ Քրեական օրենսգրքում արդեն կա այդ հանցակազմը: Պետրոսյանը դրա հետ ևս չհամաձայնեց:

Հանձնաժողովի անդամ Սուրեն Գրիգորյանը նշեց, որ կիսել են կառավարության այն դիտարկումները, որ արդեն իսկ նախագծով առաջարկվող գործողությունները քրեականացված են գործող օրենսդրությամբ: «Իսկ ինչ վերաբերում է ոչ ավանդական կողմնորոշման որոշակիությանը, ըստ էության կենցաղային մակարդակում մենք մեզ կարող ենք թույլ տալ ավելի անորոշ հասկացություններ, որոնք մենք գործնականում հասկանում ենք, սակայն, երբ խոսքը քրեականացման մասին, ապա բոլոր տերմինները պետք է առավել որոշակի լինեն»,-ասաց Գրիգորյանն ու կոչ արեց դեմ քվեարկել հարցը նիստերի օրակարգ ընդգրկելուն

Նախագիծը ստացավ 26 կողմ, 71 դեմ, 2 ձեռնպահ ձայներ՝ չընդգրկվելով նիստերի օրակարգ:

ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենսգրքի նախագիծը կրկին ներկայացրեց  Գևորգ Պետրոսյանը:

«Մենք առաջարկել ենք քրեական պատասխանատվություն սահմանել այն գործատուների, ովքեր աշխատողներին ստիպում են, կորզում են աշխատանքից ազատման մասին դիմումներ: Նախագիծը կոչված է զսպելու գործատուների, ղեկավարների հավակնությունները՝ մարդկանց անձնական նկատառումներով աշխատանքից ազատման դիմում կորզելու համար»,-նախագծի հիմնական նպատակը ներկայացրեց Գրիգորյանը:

Սուրեն Գրիգորյանը կրկին ներկայացրեց հանձնաժողովի տեսակետը:

Նախագիծը ստացավ 36 կողմ, 69 դեմ և 1 ձեռնպահ ձայներ՝ չընդգրկվելով նիստերի օրակարգ:

 

 

 

 




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ