Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ԱԳ փոխնախարարը Մինսկում ներկայացրել է սահմանների արդյունավետ կառավարման Հայաստանի փորձը

ԱԳ փոխնախարարը Մինսկում ներկայացրել է սահմանների արդյունավետ կառավարման 
Հայաստանի փորձը

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտաքին գործերի  նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը սեպտեմբերի 3-4-ը Մինսկում մասնակցել է Բելառուսի Հանրապետության և Միավորված ազգերի կազմակերպության կողմից համատեղ կազմակերպված «Դիմագրավելով ահաբեկչությանը նորարարական մոտեցումներով և նորահայտ տեխնոլոգիաների կիրառմամբ» խորագիրը կրող բարձր մակարդակի միջազգային համաժողովին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱԳՆ մամուլի ծառայությունից, համաժողովին բացման խոսքով հանդես են եկել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ՄԱԿ գլխավոր քարտուղարի ահաբեկչության դեմ պայքարի հարցերով տեղակալ Վլադիմիր Վորոնկովը, ԵԱՀԿ և ԱՊՀ գլխավոր քարտուղարներ Թոմաս Գրեմինգերը և Սերգեյ Լեբեդևը:

Նախարարի տեղակալ Ապիտոնյանն իր ելույթում անդրադարձել է տեխնոլոգիական առաջընթացին զուգահեռ ի հայտ եկող անվտանգային մարտահրավերներին, ահաբեկիչների կողմից նորագույն տեխնոլոգիաների կիրառման վտանգներին:

ԱԳ նախարարի տեղակալը շեշտել է պետությունների առաջնային դերը երկակի նշանակություն ունեցող նորարարական վերջին նվաճումների տարածումը վերահսկելու, դրանց` ահաբեկիչների հնարավոր հասանելիությունը կանխելու գործում, ինչն առավել ռիսկային է այն երկրների պարագայում, որտեղ հանրությունը մոբիլիզացվում է ազգային, կրոնական խտրականության խրախուսման պետական քաղաքականությամբ:

Արտակ Ապիտոնյանը ներկայացրել է սահմանների արդյունավետ կառավարման, անօրինական միգրացիայի դեմ պայքարի գործում Հայաստանի ազգային կարողությունների ամրապնդմանը միտված վերջին նախաձեռնությունները` միաժամանակ ընդգծելով ահաբեկչության դեմ պայքարում միջազգային ջանքերի համադրման կենսական անհրաժեշտությունը: Նա նաև նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է իր մասնակցությունը ՄԱԿ-ի մասնագիտացված կառույցների, ԱՊՀ, ՀԱՊԿ, ԵԱՀԿ, ԵԽ շրջանակներում ահաբեկչության դեմ պայքարին միտված բազմակողմ համագործակցությանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am