Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Մի խումբ ուսանողներ պահանջում են ՀՊՏՀ ռեկտորի նախկին ժամանակավոր պաշտոնակատարի վերադարձը

Մի խումբ ուսանողներ պահանջում են ՀՊՏՀ ռեկտորի նախկին ժամանակավոր 
պաշտոնակատարի վերադարձը

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի սակավաթիվ ուսանողներ բուհի առջև բողոքի ակցիա են անում՝ պահանջելով ռեկտորի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի վերադարձը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ուսանողները տարբեր գրառումներով պաստառներ են պատրաստել:

Ակցիայի մասնակից Անի Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում ներկայացրեց ակցիայի նպատակը: «Մեր պահանջն այն է, որ բուհում նախաձեռնություններ սկսած անձը վերադառնա և շարունակի այն բարեփոխումները, որոնք իրականացնում էր: Մենք մեր նամակն արդեն ուղարկել ենք Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, սպասում ենք պատասխանին»,-ասաց նա:

Լրագրողի դիտարկմանը, թե ակցիայի մասնակիցները սակավաթիվ են, ուսանողը պատասխանեց՝ ոմանք տեղյակ չեն, ոմանք կաշկանդվում են տեսախցիկների առջև երևալ, ոմանք էլ տանն են, այդպես են դասադուլ անում:

Անի Խաչատրյանը նշեց, որ շարունակելու են ակցիան մինչև նախարարությունը հարցին լուծում տա, նրա կարծիքով՝ հանգուցալուծումը պետք է լինի այն, որ Հայրապետյանը վերադառնա պաշտոնին:

Հայրապետյանը ՀՊՏՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել 2018-ի դեկտեմբերին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորատի նիստում, որին մասնակցել էր նաև նախարար Արայիկ Հարությունյանը: 2019-ի օգոստոսի 21-ին նախարար Հարությունյանն «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել էր, որ իր նախաձեռնությամբ հանդիպել է պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի հետ, որի ընթացքում քննարկվել է բուհի շուրջ ստեղծված իրավիճակը, մասնավորապես՝ մեղադրանքները Հայրապետյանի դոկտորական ատենախոսության մեջ առկա խնդիրների մասին, որոնց մի մասը հրապարակավ ընդունել է նաև ռեկտորի պաշտոնակատարը: Նախարարը նշել էր, հաշվի առնելով այն, որ կառավարության և անձամբ իր համար կրթական և գիտական համակարգում նման երևույթների բացառումն առաջնային նշանակություն ունի, եկել են փոխադարձ համաձայնության, որ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը կթողնի զբաղեցրած պաշտոնը:

Օգոստոսի 22-ին նախարարի հրամանով ռեկտորի պաշտոնակատար է նշանակվել ՀՊՏՀ-ի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Դիանա Ռոբերտի Գալոյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am