Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Համահայկականությունը՝ որպես ՀՀ արտաքին քաղաքականության կարևորագույն սկզբունք

Համահայկականությունը՝ որպես ՀՀ արտաքին քաղաքականության կարևորագույն 
սկզբունք

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգոստոսի 27-ին կայացած ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովի ժամանակ ի թիվս մի շարք հարցերի՝ թե՛ ՀՀ վարչապետը, թե՛ արտգործնախարարն անդրադարձան համահայկականության գաղափարին և դրա կարևորությանը:

Չնայած նրան, որ համահայկականության սկզբունքի մասին առաջին անգամ չէ, որ բարձրաձայնվում է, համաժողովը դարձավ այն հարթակը, որտեղ առավել հստակեցվեց այդ սկզբունքի նշանակությունը և դրա կյանքի կոչման ուղենիշերը:

Նախ, հատկանշական է, որ համահայկականության սկզբունքը համաժողովի ժամանակ բերվեց առավել ինստիտուցիոնալ մակարդակի. այն առաջին անգամ ամրագրվեց ՀՀ արտաքին քաղաքականության մեջ՝ դառնալով ՀՀ դիվանագիտական գործունեության հիմնասյուներից: Իսկ համահայկական օրակարգի առաջնահերթ գերակայություն սահմանվեց Հայաստանի և Արցախի զարգացումը և անվտանգության ապահովումը, որն, ինչպես ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում նշեց, պետք է իրականացվի Հայաստանի, Արցախի և Սփյուռքի հայության համախմբման և ամուր կապի արդյունքում:

Երկրորդ, համաժողովի ժամանակ հստակ ընդգծվեց, որ արտերկրում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետները պետք է դառնան համահայկականության սկզբունքի զարգացման և կյանքի կոչման շարժիչ ուժերը՝ համախմբելով հայ համայնքի ներկայացուցիչներին և վերացնելով բոլոր բաժանարար գծերը: ՀՀ դիվանագետների կողմից այս ուղղությամբ աշխատանքի առավել ակտիվացումն, անշուշտ, կնպաստի տարբեր երկրներում հայ համայնքների ուժեղացմանը, ինչն իր հերթին կմեծացնի նրանց կշիռը՝ թույլ տալով միջազգային ասպարեզում առավել արդյունավետ առաջ մղել հայկական շահերին առնչվող հարցերը:

Այսպիսով, Սփյուռքի նախարարության լուծարումից հետո, ըստ էության, մեծանում է ԱԳՆ դերակատարումը, ինչը նշանակում է, որ այն պետք է ստանձնի Սփյուռքի հետ կապված նոր խնդիրների լուծումը, իհարկե, Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարի հետ սերտորեն համագործակցելով: Հատկանշական է, որ նախկինում լինելով ԱՄՆ-ում հայ համայնքի ներկայացուցիչ, Սփյուռքի հարցերով հանձնակատարն առավել լավ կարող է պատկերացնել, թե համահայկականության սկզբունքի արդյունավետ կյանքի կոչման համար ինչպիսի գործիքակազմ է անհրաժեշտ ունենալ և առաջնային որ ուղղություններով պետք է իրականացվեն աշխատանքները: Ուստի, պատահական չէ, որ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում կարևորեց ՀՀ ԱԳՆ-ի, դեսպանատների համագործակցությունը Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հետ:

Նշենք, որ ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածում նշվում է, որ «Հայաստանի Հանրապետությունը հայկական սփյուռքի հետ իրականացնում է համակողմանի կապերի զարգացմանը և հայապահպանմանն ուղղված քաղաքականություն, նպաստում է հայրենադարձությանը, նպաստում է այլ պետություններում հայոց լեզվի, հայկական պատմական և մշակութային արժեքների պահպանմանը, հայ կրթական և մշակութային կյանքի զարգացմանը»: Եվ ըստ էության, ՀՀ ԱԳՆ-ն փաստացի համահայկականության սկզբունքով ստանձնում է այս խնդիրների իրականացումը:

Ամփոփելով՝ կարող ենք փաստել, որ Հայաստանը թևակոխում է նոր փուլ, որտեղ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդումը դիտարկվելու է առաջնային, որտեղ դրվելու է Հայաստանում և այստեղ տեղի ունեցող զարգացումներին Սփյուռքի հնարավորինս մեծ ներգրավվածության հարցը, որտեղ հայ համայնքը լինելու է առավել համախմբված և զերծ բաժանարար գծերից: Իսկ այս ամենն, անշուշտ, կդառնա իրականություն, երբ մշակվի համահայկականության սկզբունքի կյանքի կոչման գործիքակազմը և սահմանվի հստակ օրակարգ:

Գրետա Ավետիսյան

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am