Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Սեպտեմբեր

G7-ը հակասությունների թատերաբեմ


ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավարտվեց մեծ յոթնյակի 45-րդ գագաթնաժողովը, և պատմության մեջ առաջին անգամ մասնակից պետություններին չհաջողվեց ընդունել վերջնական կոմյունիկե: Փոխարենը գագաթնաժողովի արդյունքում երկրները հանդես եկան հայտարարությամբ, որտեղ նրանք փորձեցին մի շարք հարցերի շուրջ ներկայացնել իրենց միասնական դիրքորոշումը: Հայտարարության մեջ արձանագրված քաղաքական հարցերից առավել հետաքրքրական էին Իրանի և Ուկրաինայի վերաբերյալ հայտնած դիրքորոշումները: Իրանի վերաբերյալ արձանագրվում է երկու հիմնական նպատակ՝ բացառել Իրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերումը և հասնել տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը: Ուկրաինայի պարագայում նշվում է, որ մոտակա շաբաթներում Ֆրանսիան և Գերմանիան կկազմակերպեն Նորմանդական քառյակի ձևաչափով հանդիպում՝ շոշափելի արդյունքների հասնելու համար (հայտարարության վերաբերյալ մանրամասն՝ այստեղ):

Հայտարարության մեջ արձանագրված դրույթներից զատ, առավել հետաքրքրական է անդրադառնալ այն հիմնական հարցերին, որոնց շուրջ անհամաձայնության պատճառով մասնակից պետություններին 1975 թվականից ի վեր առաջին անգամ չհաջողվեց ընդունել վերջնական կոմյունիկե:

Առանցքային անհամաձայնության թեմաներից էր ԱՄՆ դիրքորոշումը Չինաստանի հետ առևտրային հարաբերությունների վերաբերյալ, որտեղ ԱՄՆ նախագահը պնդում էր հավելյալ մաքսատուրքերի սահմանման անհրաժեշտության մասին (ինչն էլ ավելի կսրի ԱՄՆ-Չինաստան առևտրային լարված հարաբերությունները), մինչդեռ մյուս պետություններն ԱՄՆ-Չինաստան առևտրային պատերազմը դիտարկում էին սպառնալիք համաշխարհային տնտեսությանը:

Իրան-ԱՄՆ հարաբերություններում առկա լարվածությունը ևս եղել է քննարկումների առարկա: Նպատակ ունենալով մեղմել ԱՄՆ-Իրան լարվածությունը՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը գագաթաժողովի ժամանակ Ֆրանսիա էր հրավիրել նաև Իրանի արտգործնախարար Մոհամմադ Զարիֆին: Թեպետ Զարիֆը հրավիրված չէր որպես գագաթաժողովի պաշտոնական հյուր, Ֆրանսիայի նախագահը տեղեկացրել է գագաթաժողովի մասնակից այլ պետություններին Զարիֆի՝ Ֆրանսիայում գտնվելու մասին, որպեսզի վերջիններս օգտագործեն առիթն իրանական կողմի հետ բանակցելու համար: Այդուամենայնիվ, ամերիկացի և իրանցի պաշտոնյաների միջև որևէ բանակցություն տեղի չունեցավ, թեպետ ԱՄՆ նախագահը չէր բացառել Իրանի նախագահի հետ հետագա բանակցությունների հնարավորությունը նոր հնարավոր միջուկային համաձայնագր շուրջ: Նշենք, որ Իրանն, ընդհանուր առմամբ, դեմ է արտահայտվել նոր համաձայնագրի գաղափարին:

Բուռն քննարկումների պատճառ է դարձել նաև ԱՄՆ նախագահի առաջարկը՝ վերականգնել G8 ձևաչափը՝ հաջորդ գագաթաժողովին հրավիրելով նաև Ռուսաստանին: Թրամփի այս առաջարկին հավանություն է տվել միայն Իտալիայի հեռացող վարչապետը: Հաշվի առնելով այն, որ Մեծ յոթնյակի հաջորդ գագաթաժողովը ծրագրվում է անցկացնել ԱՄՆ-ում, ամենայն հավանականությամբ, Դոնալդ Թրամփը ԱՄՆ նախագահ վերընտրվելու պարագայում հենց այդպես էլ կվարվի:

Ամփոփելով՝ կարող ենք փաստել, որ առկա տարաձայնությունների հիմնական պատճառը վերոնշյալ հիմնական հարցերի շուրջ ԱՄՆ նախագահի հայտնած դիրքորոշումներն են, որոնք ևս մեկ անգամ ի ցույց դրեցին ԱՄՆ և մասնակից մյուս երկրների միջև առկա հակասությունները: Այս պարագայում տեղին էր հնչող մեկնաբանությունն առ այն, որ ԱՄՆ գագաթնաժողվին մասնակցում էր իր սեփական օրակարգով, որն ամենևին չէր համապատասխանում գագաթնաժողովի սահմանված օրակարգին:  

Լիանա Հովհաննիսյան

 




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ