Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Եվ կրկին ադրբեջանական քարոզչամեքենայի մասին

Եվ կրկին ադրբեջանական քարոզչամեքենայի մասին

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քանիցս առիթ եմ ունեցել նշելու, որ ադրբեջանական քարոզչամեքենան նման է խցանված կոյուղու, որի գարշահոտից նորմալ մարդիկ հեռու են փախչում: Եվ այդ կոյուղին վերանորոգելու փոխարեն, Բաքվի իշխանություններն այնտեղ են նետում նորանոր ժամկետանց ու փտած իրեր` հոգեկան շեղումներ ունեցող, իբր, պատմաբաններ (վառ օրինակն է Օլեգ Կուզնեցովը), փորձագետներ և այլ ...ագետներ: Ընդ որում, այդ իրերն այնքան վնասակար ու գարշահոտ են, որ նույնիսկ իրենց երկրներում չեն համարձակվել նետել աղբարկղ: Օրերս էլ ադրբեջանական քարոզչամեքենան կրկին ակտիվացրել էր այդ կոյուղում հարմարավետորեն տեղավորված հերթական ժամկետանց իրին` հիպերշիզոֆրենիկ Մ.Սահակաշվիլիին:

Եվ այսպես, ադրբեջանական «Media.az» լրատվականին տված հարցազրույցում սույն բարոյական ու քաղաքական բոմժը բառացիորեն հայտարարել է. «Ղարաբաղն Ադրբեջանն է, այդպես է համարում ողջ աշխարհը: Այդ դիրքորոշումը չի փոխվել ու չի էլ փոխվելու»: Ահա թե ինչ, պարզվում է, որ Մ.Սահակաշվիլին ոչ միայն հայտնի սադրիչ է, այլ նաև` ոչ պակաս հայտնի «պայծառատես»: Այնպես որ, «Սահակաշվիլի» երևույթի խորն ուսումնասիրության համար պետք է ներգրավել ոչ միայն մարդաբաններին և հոգեբաններին, այլ նաև` սննդաբաններին: Ըստ երևույթին, նրա ճաշացանկում ընդգրկված են մարդկությանը դեռևս անհայտ  մթերքներ` դեռևս չբացահայտված վիտամիններով, պրովիտամիններով ու դրանց գեներացվող դարակազմիկ մտքերով: Այլապես, միջին վիճակագրական անձը չէր կարող նման վստահությամբ հայտարարել, որ «Ղարաբաղն Ադրբեջանն է, այդպես է համարում ողջ աշխարհը: Այդ դիրքորոշումը չի փոխվել ու չի էլ փոխվելու»: Սակայն, Սահակաշվիլիի «փայլուն» մտքերը միայն դրանով չեն ավարտվում և ոգեշնչվելով իր իսկ արտաբերած անհեթեթություններից, շարունակել է. «Կրկնում եմ ևս մեկ անգամ` ողջ աշխարհը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, սա մեկ: Երկրորդ, հույս ունեմ, որ Կովկասում նոր պատերազմ չի սկսի»: Այստեղ մարդաբանների, հոգեբանների և սննդաբանների թիմին անպայման պետք է միանան նաև վնասվածքաբանները, քանզի, ակնհայտ է, որ վաղ տարիքում Միխոն գլխիվայր ընկել է բարձրությունից: Այլապես, ինչպե՞ս կարող է նորմալ մարդը խոսել ողջ աշխարհի անունից: Շարունակելով հարցազրույցը` նա հավելել է. «...Դուք պետք է հասկանաք, որ ներկայումս Վրաստանում նորմալ ժողովրդավարություն չկա...»: Այստեղ մարդաբանների, հոգեբանների, սննդաբանների ու վնասվածքաբանների թիմին պետք է անպայման միանան նաև գերպետոլոգները (կենդանաբանության` երկկենցաղների ու սողունների ուսումնասիրության բաժին): Եթե այդ միտքը նա հայտնած լիներ որևէ արևմտյան լրատվամիջոցի, ապա դա կարելի էր ինչ-որ կերպ հասկանալ: Բայց, Միխոն Վրաստանում ժողովրդավարության պակասից խոսում է դասական բռնապետությունը ներկայացնող ԶԼՄ-ի հետ: Խոսքերն ավելորդ են` որքա՞ն պետք է մարդն այլասերված լինի, որպեսզի ցանկացած պատեհ և անպատեհ առիթներով քննադատի իր իսկ երկրին:

Անշուշտ, Մ.Սահակաշվիլիի կամ նրա նմանների կարծիքներով չէ, որ լուծվելու է Արցախի պատկանելության հարցը, առավել ևս, որ այն վաղուց լուծված է` 1991թ.-ին Արցախի հայությունը կատարել է իր օրինական ընտրությունը (հատուկ Սահակաշվիլիի համար կրկնում եմ` միջազգային իրավունքի նորմերին համահունչ, անցկացվել է հանրաքվե): Խոշոր հաշվով, Սահակաշվիլիի հարցազրույցի թիրախն Արցախը չէ, խնդիրը շատ ավելի խորքային է, քան կարելի է պատկերացնել: Դեռևս 2018թ.-ի վերջին, Վրաստանում տեղի ունեցած նախագահական ընտրությունների ժամանակ, Սահակաշվիլին դարձել էր ադրբեջանական ԶԼՄ-ների «աստղը»` ըստ էության, ակնարկելով, որ հույս ունի ադրբեջանցիների օգնությամբ գալ իշխանության: Այնուհետև, 2019թ.-ի գարնանը, երբ ավելի սրացավ Դավիդ Գարեջիի վանական համալիրի շուրջ վրաց-ադրբեջանական վեճը, Սահակաշվիլին միայն մեկ անգամ է լղոզված հայտարարություն արել` նշելով, որ եղբայրական ազգերը պետք է չտրվեն երրորդ ուժերի սադրանքներին և բանակցությունների միջոցով լուծեն հարցը: Սակայն, այդ պատմության գագաթնակետն է հանդիսանում սույն թվականի օգոստոսի 8-ին «Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտ»-ին Սահակաշվիլիի տված հարցազրույցը, որում նա շեշտել էր,որ 2008թ.-ի օգոստոսին ռուս-վրացական պատերազմի ժամանակ ԹՀ ԶՈՒ-ն մոբիլիզացվել էր Վրաստանի սահմանին, ինչի պատճառով Ռուսաստանը չի փորձել գրավել Բաթումին: Չէր զլացել նաև քննադատել ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Գերմանիայի այն ժամանակվա ղեկավարներին` Վրաստանին պատշաճ կերպով չաջակցելու համար: Այսպիսով, Միխոյի գլխավոր նպատակն էր Անկարային ապացուցել, որ հիմա թուրքերն են իր եզակի ու անկրկնելի սիրեցյալները: Եվ պատահական չէր, որ Վրաստանի նախագահ Ս.Զուրաբիշվիլին, մեկնաբանելով այդ հարցազրույցը, հայտարարել էր, որ Սահակաշվիլիի ասածներն աղավաղում են պատմությունը և վիրավորական են դաշնակից ժողովուրդների և առաջնորդների համար, որոնք անկախությունից ի վեր աջակցում են Վրաստանին: Այդ համատեքստում ուշագրավ է առաջին հայացքից մանրուք թվացող մեկ այլ հանգամանք` Սահակաշվիլին ադրբեջանական «Media.az» լրատվական կայքին հարցազրույց է այն ժամանակ, երբ իր աշխատանքներ էր սկսել վրաց-ադրբեջանական սահմանազատման համատեղ հանձնաժողովը: Առավել ուշագրավ է, որ այդ հարցազրույցի ժամանակ նա 2 անգամ կրկնում է, որ ողջ աշխարհը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Վերը նշված փաստերի նույնիսկ մակերեսային վերլուծությունը ցույց է տալիս, որ Սահակաշվիլին թուրք-ադրբեջանական տանդեմին հստակ ազդակներ է ուղարկում, որոնք կարելի է բանաձևել հետևյալ կերպ. «Արևմուտքն ինձ այլևս չի աջակցում, օգնեք ինձ Վրաստանում վերադառնալ իշխանության և ես կհրաժարվեմ Դավիդ Գարեջիի և վրացական այլ պատմական տարածքների նկատմամբ հավակնություններից»:

Հ.Գ. Սույն թվականի հուլիսի 22-ին Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր, ակադեմիկոս Յաղուբ Մամեդովը, ավելի վաղ Դավիդ Գարեջիի վանական համալիրում վրացի ազգաբնակչության և ԱՀ սահմանապահների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին, ի թիվս այլ անհեթեթությունների, հայտնել էր, որ Դավիդ Գարեջիի վանական համալիրը, Արևելյան Վրաստանը և Թբիլիսին «հին ադրբեջանական հողեր» են և, եթե այդ «սադրանքները» շարունակվեն, ապա Ադրբեջանը նույնպես իրավունքներ կներկայացնի իր «պատմական հողերի» նկատմամբ: Այդ առումով, պետք է արժանին մատուցել Յ.Մամեդովին, ով, ըստ էության, անկեղծորեն հայտարարել է, որ Արցախում ոչ միայն Երևանի, այլ նաև Թբիլիսիի դարպասն է:  

Կոնստանտին Ազարյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am