Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Օգոստոս

Երեմյան Փրոջեքթս Խոհարարական արվեստի և հյուրընկալության ակադեմիան ճանապարհեց առաջին շրջանավարտներին


ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2019 թվականի ապրիլի 8-ին, Տերյան 91 հասցեում ուսանողների համար իր դռները բացեց «Երեմյան Փրոջեքթս» Խոհարարական արվեստի և հյուրընկալության ակադեմիան: Իսկ օգոստոսի 9-ին կայացավ Խոհարարական արվեստի և հյուրընկալության ակադեմիայի՝ խոհարարների և սպասարկման ոլորտի վերապատրաստման դասընթացների առաջին շրջանավարտների  ավարտական վկայականների հանձնման արարողությունը:

«Խոհարարների վերապատրաստում» և «Արդյունավետ սպասարկում ռեստորանում» 1,5 ամիս տևողությամբ վերապատրաստման դասընթացների ծրագրերի շրջանակում Ակադեմիայի շրջանավատները յուրացրել են ինչպես նեղ մասնագիտական տեսական և գործնական առարկաներ, այնպես էլ ձեռք են բերել  հաղորդակցության, շփման և ինքնաներկայացման հմտություններ, որոնք կարևոր են  խոհարարական ու սպասարկման ոլորտների համար:Ստանալով գիտելիքներ ոլորտում հայտնի և առաջատար մասնագետներից՝ այսօր արդեն ոլորտի առաջատարներից մեկը դառնալու հնարավորություն ունի «Երեմյան Փրոջեքթս» Խոհարարական արվեստի և հյուրընկալության ակադեմիայի շրջանավարտներից յուրաքանչյուրը։

«Երեմյան Փրոջեքթս» Խոհարարական արվեստի և հյուրընկալության ակադեմիայի հիմնադիր և «Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը շնորհավավորեց շրջանավարտներին՝ նրանց մաղթելով նպատակներ սահմանելիս լինել ավելի համարձակ և չվախենալ նոր երազանքներից. «Մեր թիմի  տարիների լուրջ և քրտնաջան աշխատանքի արդյունք է  Ակադեմիան, որտեղ  այսօր արդեն հնարավորություն ունենք կրթել, մեր միտքը, գիտելիքն ու փորձը փոխանցել ձեզ։ Հիմա մեծ հպարտությամբ եմ հիշում, թե ինչ ճանապարհ ենք անցել այս կետին հասնելու համար։  Մի պահ պատկերացրեք Երևանն առանց մեզ․․․ Ես վստահությամբ եմ ասում, որ դա լրիվ այլ Երևան կլիներ, եթե չլինեին մեր վառ ու շողացող գույները, մեր համն ու հոտը։ Մենք պետք  է ունենանք թեև վախեցնող,  բայց մեծ ու համարձակ երազանքներ։ Եթե 13 տարի առաջ  մենք չգնայինք մեր երազանքի հետևից, չէինք ունենա այն, ինչ ունենք հիմա։ Ցանկանում եմ, որ ավելի վստահ լինեք։ Այն գիտելիքները, որոնք դուք  ստացել եք, ծառայեցրեք մեր քաղաքի, երկրի զարգացման և ձեր երազանքին հասնելու համար։ Պարզապես ձգտեք ավելիին»։

«Երեմյան Փրոջեքթս» Խոհարարական արվեստի և հյուրընկալության ակադեմիայի տնօրեն Նազելի Նավասարդյանը շրջանավարտներին ուղղված իր շնորհավորական խոսքում նշեց, որ  նրանք Ակադեմիայի առաջին ձեռքբերումն են. «Սիրելի´ ուսանողներ, շնորհավորում եմ ձեզ, ձեզ հնարավորրություն է տրվել լինել առաջինը։ Այս Ակադեմիան, որի հիմքը երկարատև ու քրտնաջան աշխատանքը, մեծ ու նվիրված թիմն են, առաջին հերթին «Երեմյան Փրոջեքթս» ընկերության մտավոր շարժիչ ուժն է։ Բայց մենք պետք է ձգտենք ունենալ այնպիսի ծրագրեր, որոնցով կկարողանանք ներգրավել ոլորտը զարգացնող, որակյալ մասնագետներ դառնալ ցանկացող մարդկանց։ Կրթական գործընթացը, սպասարկման ոլորտը և հատկապես խոհարարությունը դինամիկ են, անընդհատ փոփոխվող։ Մենք շարունակելու ենք կատարելագործել և զարգացնել  մեր կողմից ստեղծված և մշակված ծրագրերը, որպեսզի դրանք համապատասխանեն շուկայի և ժամանակի պահանջներին»։

Սպասարկման և մենեջմենթի ծրագրի ղեկավար Աննա Սինանյանի կարծիքով վերապատրաստման դասընթացի ծրագիրը շատ հագեցած էր. «Հատուկ ուշադրություն ենք դարձրել օտար լեզուներով սպասարկմանը, ուսանողներին ծանոթացրել ենք այլ ազգերի մշակույթներին և ավանդույթներին, որպեսզի յուրաքանչյուր հյուրի ցուցաբերվի անհատական մոտեցում, և նրանք տեսնեն Հայաստանում բարձրակարգ սպասարկման ոլորտ»։

Ուսանողներն իրենց իսկ օրինակով փաստում են, որ ակադեմիան նոր ձեռքբերումների և գիտելիքների «շտեմարան է». «Ես եղել եմ 3-րդ կարգի մատուցող: Այստեղ սովորելու մի քանի ամսվա  արդյունքն եղավ այն, որ կարճ ժամանակ անց ունեցա որակավորման նոր աստիճան, և հաջորդ նպատակս բնակաբար ավելի առաջ գնալն է։ Ակադեմիայում սովորելիս գիտակցեցի, որ եթե կա ցանկություն ու նպատակ, ապա դրան հասնելու ուղիները պետք է կառուցես ինքդ»,- նշեց սպասարկման դասընթացի շրջանավարտ Արթուր Համբարյանը։

«Այստեղ սովորելը մեծ պատիվ էր։ Ինձ համար մեծագույն երջանկություն է այն փաստը, որ իմ հարազատ երկրում կա նման հաստատություն, որը սիրելի մասնագիտությունս հասցնում է արվեստի մակարդակին։ Պատիվ է նաև գիտելիքներ ստանալ  նման պրոֆեսիոնալ ու պատրաստակամ մարդկանցից, ովքեր ջանք չեն խնայում լավ մասնագետ կրթելու համար։ Այդ մարդիկ և ընկերներս Ակադեմիայից ունեցած  ամենամեծ  ձեռքբերումն են»,- նշեց «Վերապատրաստում խոհարարների համար» դասընթացի շրջանավարտ Լիանա Շահինյանը։

Սեպտեմբերից մեկնարկող նոր ուսումնական կիսամյակում «Երեմյան Փրոջեքթս» Խոհարարական արվեստի և հյուրընկալության ակադեմիայում ուսումնական ծրագրերում և դասընթացներում սպասվում են նորություններ:

Խոհարարական ծրագրի ղեկավար Կարեն Խաչատրյանի հավաստմամբ ուսումնական նոր փուլը էլ ավելի հագեցած է լինելու․ «Սեպտեմբերից  երկու ծրագիր ենք ունենալու. հենքային՝ խոհարարություն սկսնակների համար  և մասնագիտական վերապատրաստման հատուկ դասընթացներ փորձառու խոհարարների համար: Դասերի մեծ մասը հիմնված է լինելու գործնական աշխատանքների վրա, իսկ հիմնական նպատակը լինելու է զարգացնել խորհարարների հմտություններն ու տեխնիկաները»։

Նոր ուսումանկան տարում «Երեմյան Փրոջեքթս» Խոհարարական արվեստի և հյուրընկալության ակադեմիայում մեկնարկելու են մենեջերների, թոփ-մենեջերների վերապատրաստման  դասընթացներ, ինչպես նաև  սպասարկման ոլորտի մասնագետների համար հատուկ դասեր՝ ռուսերեն և անգլերեն:

«Երեմյան փրոջեքթս»-ի Խոհարարական արվեստի եւ հյուրընկալության ակադեմիայի բացառիկ գործընկերը  Մեծ Բրիտանիայի Activate Learning,  Group City of Oxford քոլեջն է, որի կողմից էլ հաստատված եւ վավերացված են ակադեմիայի ուսումնառության ծրագրերը:  Դասընթացների ավարտին մասնակիցներին կշնորհվեն City of Oxford քոլեջի եւ Երեմյան Փրոջեքթս» Խոհարարական արվեստի եւ հյուրընկալության ակադեմիայի համատեղ ավարտական վկայականներ (դիպլոմներ)։




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ