Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Իրան-ԱՄՆ. պատերա՞զմ, թե՝ բանակցություններ

Իրան-ԱՄՆ. պատերա՞զմ, թե՝ բանակցություններ

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։Պարսից ծոցի շրջանում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Մի կողմից առկա է ուղղակի կամ միջնորդավորված ռազմական գործողությունների ծավալման կամ սրացման վտանգ, մյուս կողմից՝ բանակցությունների հնարավորություն է նշմարվում:

Թեհրանի հետ նոր բանակցությունների հավանականությունը ցածր է գնահատվում

Եթե ամիսներ առաջ իրանական ղեկավարությունը կտրականապես բացառում էր ԱՄՆ-ի հետ նոր բանակցությունների հավանականությունը, ապա այժմ Իրանի նախագահը հայտարարում է, որ Իրանը պատրաստ է բանակցությունների, բայց «ոչ կապիտուլյացիայի բանակցությունների անվան ներքո»: Ավելի վաղ իրանական ղեկավարությունը հայտարարել էր, թե ինչ նախապայմանների դեպքում է պատրաստ բանակցություններ սկսել ԱՄՆ-ի հետ՝  պատժամիջոցների և տնտեսական ճնշման չեղարկում և վերադարձ միջուկային համաձայնագրին:

ԱՄՆ դիրքորոշումը բանակցությունների հարցում ևս որոշակի փոփոխությունների է ենթարկվել: Թվում էր, թե միջուկային գործարքից ԱՄՆ-ի միակողմանի դուրս գալուց հետո Միացյալ Նահանգների բոլոր գործողություները նպատակ էին հետապնդում Իրանին նոր բանակցություններ պարտադրել և նոր գործարք կնքել: Սակայն այժմ ամերիկյան ղեկավարության հռետորաբանությունը երանգային փոփոխություն է կրել: Մասնավորապես, ԱՄՆ նախագահի կարծիքով՝ Իրանը «անհարգալից» է վերաբերվում ԱՄՆ-ին, ինչի արդյունքում Վաշինգտոնի համար ավելի դժվար է դառնում Իրանի հետ գործարքի կնքումը: Միևնույն ժամանակ, ամերիկյան վարչակարգը հայտարարում է, որ պատրաստ է բանակցությունների Իրանի հետ՝ առանց նախապայմանների՝ ընդգծելով, որ բանակցությունները չեն կարող վերաբերվել միայն Իրանի միջուկային ծրագրին, և պետք է ներառեն նաև «Իրանի ահաբեկչական գործունեությունը տարածաշրջանում»:

Պարսից ծոցի և Հորմուզի նեղուցի շրջանում միջազգային կոալիցիայի գաղափարը միանշանակ աջակցություն չի ստանում

Պահպանվող լարվածության ֆոնին Միացյալ Նահանգները զգալի ջանքեր է գործադրում Պարսից ծոցի և Հորմուզի նեղուցի շրջանում հսկողություն իրականացնելու համար միջազգային կոալիցիայի ստեղծման ուղղությամբ: Այս հարցում ԵՄ-ի կամ ՆԱՏՕ-ի շրջանում միակարծություն չկա. մի շարք երկրներ (Դանիա, Իտալիա, Ֆրանսիա) կողմ են արտահայտվել այս գաղափարին, մյուսներն էլ՝ (օրինակ, Գերմանիան) ընդհանուր առմամբ դեմ են:

Իրանը հայտարարել է, որ միջազգային կոալիցիայի ստեղծումը կարող է խաթարել ողջ տարածաշրջանի անվտանգությունը: Իր հերթին, Ռուսաստանն առաջարկում է նախաձեռնող խումբ ստեղծել Պարսից ծոցի շրջանում անվտանգության և համագործակցության միջազգային համաժողովի կազմակերպման և հետագայում նաև համանման կազմակերպության ստեղծման համար: Ռուսաստանի նախաձեռնությանն իր աջակցությունն է հայտնել Չինաստանը:

Միևնույն ժամանակ, Միացյալ Նահանգները շարունակում է տարածաշրջանում իր դիրքերի ամրապնդումը՝ Իրանին «զսպելու» նպատակով: Մասնավորապես, հուլիսին ամերիկյան ղեկավարությունը հավանություն է տվել Սաուդյան Արաբիայում հերթական ամերիկյան ռազմական կոնտինգենտի տեղակայմանը:

Միջուկային գործարքը դատապարտված է տապալմա՞ն

Իրանը շարունակում է կրճատել միջուկային գործարքով ստանձնած իր պարտավորությունները (առջևում երրորդ փուլն է) ՝ սպառնալով ամբողջությամբ դուրս գալ գործարքից, եթե Եվրոպան չկարողանա պաշտպանել իրանական տնտեսությունը ամերիկյան պատժամիջոցների ազդեցությունից: Եվ թեև միջուկային գործարքի անդամ ԵՄ եռյակը (Գերմանիա, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա) փորձում է որոշ քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ՝ մասնավորապես, նպաստելով Իրանի հետ միջբանկային INSTEX համակարգի կայացմանը, որևէ զգալի արդյունք մինչ այժմ չկա. հուլիսին Իրանից նավթի արտահանումը կազմել է 100 հազար բարել, մինչդեռ 2018թ. ապրիլին՝ մինչև միջուկային գործարքից ԱՄՆ-ի դուրս գալը, այն կազմում էր 2.5 միլիոն բարել:

Ամփոփելով՝ պետք է նշել, որ իրավիճակը շարունակում է չափազանց անկայուն մնալ, և ցանկացած նոր միջադեպ կարող է անսպասելի շրջադարձերի առիթ դառնալ:

Արփինե Հովսեփյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am