Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

ՔԿ-ի վարույթում է տուրգործակալության տնօրենի կողմից առերևույթ խարդախություն կատարելու դեպքով քրգործը

ՔԿ-ի վարույթում է տուրգործակալության տնօրենի կողմից առերևույթ խարդախություն 
կատարելու դեպքով քրգործը

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ստացվել և վարույթ է ընդունվել «Էյ Ընդ Ար տուր» տուրիստական գործակալության տնօրենի կողմից առերևույթ խարդախություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:

2019թ. հուլիսի 25-ին զանգվածային լրատվության միջոցներում տեղեկություններ էին հրապարակվել այն մասին, որ Եգիպտոսի Հուրգադա-Երևան թիվ OTF3703 չվերթի չկայանալու պատճառով Հուրգադայում են գտնվում ՀՀ շուրջ 100 քաղաքացի:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հրապարակումների հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ «Էյ Ընդ Ար տուր» տուրիստական գործակալության տնօրինությունը դեպի Եգիպտոսի Արաբական Հանրապետության Շարմ Էլ Շեյխ և Հուրգադա ծովափնյա քաղաքներում հանգիստ կազմակերպելու պատրվակով 2019թ. սկզբից մինչև հուլիս ամիսն ընկած ժամանակահատվածում հավաքագրել է բազմաթիվ հաճախորդների, որոնցից մի մասին նաև ուղևորափոխադրել դեպի նշված հանգստի վայրեր:

Տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ չարաշահելով հաճախորդների և գործակալությունների ներկայացուցիչների վստահությունը՝ հիշյալ տուրիստական գործակալությունը փաստացի ստացել է ուղևորությունը կազմակերպելու համար նախատեսված գումարները, սակայն դրանց զգալի մասը չի փոխանցվել իրենց հետ համագործակցող չարթերային ավիափոխադրում իրականացնող ընկերությանը՝ այդ կերպ բազմաթիվ քաղաքացիներից խարդախությամբ հափշտակելով առանձնապես խոշոր չափերի գումար:

Արդյունքում՝ ՀՀ քաղաքացիների ավիափոխադրումն իրականացրել է ՀՀ կառավարությունը:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առկա են քրեական գործ հարուցելու օրինական հիմք և առիթ՝ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և նախաքննությունը կատարելու համար քրեական գործն ուղարկվել է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժին և ընդունվել վարույթ:

Կատարվում է նախաքննություն:

Նախաքննության ընթացքի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեն պարբերաբար տեղեկատվություն կտրամադրի:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am