Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Նա ավագ ընկեր էր և շատ-շատերի ուսուցիչը. տեղի ունեցավ Երվանդ Ղազանչյանի հոգեհանգստի արարողությունը

Նա ավագ ընկեր էր և շատ-շատերի ուսուցիչը. տեղի ունեցավ Երվանդ Ղազանչյանի 
հոգեհանգստի արարողությունը

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում  օգոստոսի 1-ին տեղի ունեցավ ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ, պրոֆեսոր Երվանդ Ղազանչյանի հոգեհանգստի արարողությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, արտիստի  հոգեհանգստի արարողությանը մասնակցում էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, բազմաթիվ քաղաքական, մշակութային գործիչներ և մտավորականներ:

ՀՀ ժողովրդական արտիստ, Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանի խոսքով` Երվանդ Ղազանչյանը ավագ ընկեր էր և շատ-շատերի ուսուցիչը, վարպետ, ով եզրափակեց մշակույթի շատ կարևոր ժամանակաշրջան:

«Ղազանչյանը միավորեց անցյալն ու ներկան և փորձեց ամեն ինչ անել, որպեսզի Հայաստանը դառնա թատերական և մշակութային երկիր: Նա իր ամբողջ ստեղծագործական կյանքում ամեն ինչ արեց, որպեսզի ամբողջ Հայաստանով մեկ տարածվի թատերական մշակույթը, թատրոնը, որը խիստ կարևոր է մարդու կյանքում: Նա ամեն ինչ արեց ազգային մշակույթը բարձրացնելու համար բեմ և փոխանցելու մեր ժողովրդին: Այս ժամանակաշրջանում նման մարդկանց կարևորությունը ավելի ու ավելի ենք զգում, որովհետև այդ մարդիկ իրենց գիտելիքներով և փորձառությամբ շատ կարևոր խորհուրդներ են փոխանցում երիտասարդներին»,- ասաց Էլբակյանը:

Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասան,  ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Սանթրոսյանն ասաց, որ Երվանդ Ղազանչյանի հետ բավականին երկար աշխատել է և նրա բեմադրված լավագույն ներկայացումներին բախտ է ունեցել մասնակցելու:

«Այդ ամբողջ գործընթացը լրիվ ուրիշ մակարդակի վրա էր` դա տոնակատարություն էր: Արդյունքում ստացվում էր մի հրաշալի ներկայացում: Արտակարգ մարդ, ծով երևակայություն, հումորի տեր և ամեն ինչին հասնող մարդ: Նա ոչ միայն թատրոնի գեղարվեստական ղեկավարն էր, այլ ընկեր էր»,- ասաց Սանթրոսյանը:

Երվանդ Ղազանչյանի հուղարկավորությունը տեղի կունենա Կենտրոնական գերեզմանատանը:

Երվանդ Ղազանչյանը ծնվել է 1937 թվականի հունիսի 2–ին Երևանում։ Ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը` Վարդան Աճեմյանի կուրսը։ Աշխատել է Երևանի պատանի հանդիսատեսի, Սունդուկյանի ազգային ակադեմիական, Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոններում։ Նա հայտնի դերասանուհի Գալյա Նովենցի ամուսինն էր: Երվանդ Ղազանչյանը ղեկավարում էր Երևանի Հակոբ Պարոնյանի անվան կոմեդիայի թատրոնը:

Նա կյանքից հեռացել է հուլիսի 30-ին 82 տարեկանում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am