Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Օգոստոս

ԲԴԽ-ն ՄԱԿ-ի փորձագիտական խմբի հետ քննարկել է արդարադատության ոլորտի բարեփոխումների հարցեր


ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանի բարձրագույն դատական խորհուրդը՝ նորընտիր նախագահ Ռուբեն Վարդազարյանի գլխավորությամբ ընդունել է ՄԱԿ-ի փորձագիտական խմբին: Տեղի է ունեցել մտքերի փոխանակում՝ կապված դատաիրավական բարեփոխումների,  դատական իշխանության արդյունավետ կառավարման հարցերի վերաբերյալ: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Բարձրագույն դատական խորհրդում նորընտիր նախագահ Ռուբեն Վարդազարյանի գլխավորությամբ ՄԱԿ-ի փորձագիտական խմբի հետ հանդիպումը տեղի է ունեցել հուլիսի 23-ին: Հանդիպմանը մասնակցել են խորհրդի անդամներ Վիգեն Քոչարյանը, Հայկ Հովհաննիսյանը, Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը, Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, Մարդու իրավունքների, օրենքի գերակայության ծրագրերի պատասխանատու Մարինա Մալխասյանը, խմբի ղեկավար Ջեյսոն Գլուկը, ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակի և մասնագիտացված կենտրոնների ներկայացուցիչները:

Հանդիպման նպատակն է եղել քննարկել արդարադատության ոլորտի բարեփոխումների և հակակոռուպցիոն ռազմավարության գործընթացի ներկա վիճակին, դատաիրավական համակարգում առկա մարտահրավերներին, արդարադատությունն արդյունավետ դարձնելու ռազմավարական ուղենիշերին առնչվող հարցերը, և այդ գործընթացում խորհրդի ունեցած դերակատարությունը:

Ողջունելով հյուրերին՝ խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը նշել է, որ ուրախ է հյուրընկալելու կարևոր առաքելությամբ Հայաստան ժամանած հյուրերին: Նա ընդգծել է, որ նրանց հետ ակտիվ համագործակցությունը կարող է իր դրական ազդեցությունն ունենալ դատաիրավական բարեփոխումների այն համալիր ծրագրերի իրագործման հարցում, որոնք կարևոր են ցանկալի դատական իշխանություն ունենալու համար:

Նա նկատել է՝ դատական իշխանության առջև ծառացած մարտահրավերները չափազանց էական են զարգացման այս փուլում, և դրանց լուծման համար կարևոր կլինի նաև միջազգային գործընկերների աջակցությունը: Վարդազարյանը նաև կարևորել է օրենսդրական փոփոխությունների մշակման գործընթացում խորհրդի ներգրավվածության անհրաժեշտությունը, որը գործընթացն առավել արդյունավետ կդարձնի:   

Խորհրդի անդամներ Հայկ Հովհաննիսյանի և Վիգեն Քոչարյանի մասնակցությամբ տեղի է ունեցել մտքերի փոխանակում՝ կապված դատաիրավական բարեփոխումների,  դատական իշխանության արդյունավետ կառավարման, էլ-արդարադատության համակարգերի ներդրման, դատակենտրոնի ստեղծման, արխիվների թվայնացման, օրենսդրական փոփոխությունների, դատավորների թեկնածուների ընտրության գործընթացի օրենսդրական ընթացակարգերի, դատավորների գնահատման մեխանիզմների ապահովման, կարգապահական վարույթների օրենսդրական ընթացակարգերի, վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմների հետ: 

Խմբի ղեկավար Ջեյսոն Գլուկը հանդիպման ավարտին շնորհակալություն է հայտնել հյուրընկալության և արդյունավետ քննարկման համար՝ ընդգծելով խորհրդի կարևոր դերակատարությունը դատաիրավական բարեփոխումների իրականացման գործում և իրենց պատրաստակամությունը՝ աջակցելու ոլորտում առկա խնդիրների լուծմանը:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]ss.am
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ