Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Փաշինյանը Հայոց բանակը համարում է այն հիմնական տեղը, որտեղ ՀՀ քաղաքացին սովորում է հաղթելու արվեստը

Փաշինյանը Հայոց բանակը համարում է այն հիմնական տեղը, որտեղ ՀՀ քաղաքացին 
սովորում է հաղթելու արվեստը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի ուղեկցությամբ այցելել է Արմավիրի մարզի N զորամաս, հանդիպել սպաների և կուրսանտների հետ, իսկ հանդիպման վերջում անձամբ փորձել զինվորներին մատուցվող սնունդը: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Կառավարության ղեկավարը նախ ծանոթացել է զորամասում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին, այնուհետև հանդիպել զինծառայողներին:

«Սիրելի կուրսանտներ, ձեր կյանքում, թերևս, սկսում է ամենակարևոր շրջաններից մեկը, երբ դուք ծառայության եք անցնում հայրենիքին: Ես համոզված եմ՝ ձեր ծնողները, հարազատները ձեզ ծառայության ճանապարհելուց առաջ հորդորներ են տվել և այդ հորդորներից կարևորագույնը, թերևս, եղել է պատվով ծառայել, լավ ծառայել հայրենիքին: Ես ուզում եմ, բացի այն ընդհանուր շրջանակը, որի մասին սովորաբար ասվում է, այս առիթն օգտագործել՝ գծագրելու այն բովանդակությունը, որը պիտի գործնականում նշանակի լավ ծառայել հայրենիքին:

Ցանկանում եմ բոլորիդ ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ զինվորական գործը, զինվորական ծառայությունը, զինվորական մասնագիտությունն ամենաինտելեկտուալ մասնագիտություններից մեկն է: Մենք երբեմն հաճախ զինվորական ծառայությունը, բնականաբար, ընկալելով որպես համազգեստի, կոշիկի, սննդի, տեխնիկական, նյութատեխնիկական այլ հարցերի համատեքստում, որը չափազանց կարևոր է, սակայն շատ հաճախ չենք նկատում, որ զինվորական գործն ամենաինտելեկտուալներից մեկն է: Եվ, հատկապես, որ գտնվում ենք ուսումնական զորամասում, ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այդ հնարավորության վրա. ի՞նչն է մեր զինվորի, ընդհանրապես, ժամկետային զինվորական ծառայության անցնող զինվորի երկտարյա ծառայության կարևորագույն գործերից մեկը: Զինվորը մտնում է ուսումնական զորամաս և ըստ էության, հիմնական բովանդակությունն այն է, որ նա այստեղ պետք է սովորի զինվորական գործ: Սա նշանակում է, որ բանակում՝ հատկապես ուսումնական զորամասում, մեր զինվորները ստանում են բազմաթիվ նոր գիտելիքներ, սովորում են բազմաթիվ նոր հմտություններ, որոնք մեծ հաշվով ձեզ ամբողջ կյանքում կարող են ուղեկցել, անկախ նրանից, դուք հետագայում զինվորական գործով կզբաղվեք, թե՝ ոչ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայոց բանակն այն հիմնական տեղն է, որտեղ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին սովորեցնում են հաղթելու արվեստը, հաղթելու հմտությունը: 

«Համոզված եմ, որ ձեզանից յուրաքանչյուրի մեջ կա հաղթողի տաղանդը և զինված ուժերը պետք է կարողանան օգնել ձեզ, որպեսզի ձեր մեջ այդ տաղանդը բացահայտվի: Եվս մեկ նկատառում. կարծում եմ, որ մենք նաև քաղաքական մակարդակում այսպիսի խնդիր պետք է դնենք մեր առաջ և ասենք, այո, Հայաստանի բանակը պետք է լինի տարածաշրջանի ամենամարտունակ բանակը, բայց այս խնդիրը լուծելու համար ես ճանապարհը տեսնում եմ հետևյալ կերպ. Հայոց բանակը պետք է լինի տարածաշրջանի ամենաինտելեկտուալ բանակը: Որպեսզի սա լինի՝ հայ հանրությունը պետք է լինի տարածաշրջանի ամենաինտելեկտուալ հանրությունը, Հայաստանի Հանրապետությունը պետք է լինի տարածաշրջանի ամենաինտելեկտուալ պետությունը: Եվ մենք պետք է ամենօրյա կյանքում կարողանանք ճշգրիտ մարտավարական, ռազմավարական որոշումներ կայացնել, ճշգրիտ գնահատել իրադրությունը և կայացնել ճշգրիտ ու ժամանակին որոշումներ»,- նշել է կառավարության ղեկավարը:

Վարչապետը զինծառայողներին հաջողություններ է մաղթել հայրենիքի ծառայության ընթացքի մեջ և նշել, որ հայրենիքին ծառայությունն ընդամենը ժամկետային զինծառայության երկու տարով չէ որ ավարտվում է: 

«Մեզանից յուրաքանչյուրն, ի վերջո, նորովի է իմաստավորում կյանքը, երբ ծառայում է հայրենիքին, անկախ նրանից՝ ժամկետային զինծառայող է, սպա է, նախարար է, գեներալ է, լրագրող է, վարչապետ է, գործարար է, բանվոր է, որովհետև չկա ավելի մեծ առաքելություն, քան հայրենիքին ծառայելու առաքելությունը և չկա ավելի մեծ բերկրանք, քան հայրենիքի դրոշի ներքո կրած հաղթանակի բերկրանքը, քան հանուն հայրենիքի կրած հաղթանակի բերկրանքը: Ես տեսնում եմ, որ դուք հաղթող եք, հպարտ եք, դուխով եք, ուժեղ եք և դուք զինվոր եք: Պատվով կրեք զինվորի կոչումը և այնպես արեք, որ ոչ միայն մենք բոլորս, այլև դուք ինքներդ ամբողջ կյանքում հպարտանաք այդ համազգեստը կրելու համար, որ ձեր երեխաները հպարտանան ձեզանով, որ դուք այդպիսին եք: Ես այսօր հպարտանում եմ ձեզանով և շնորհակալ եմ, որ դուք այդպիսին եք»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am