Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայ փաստաբանը ներկայացրեց ռուս նախկին հատուկջոկատայինի սպանության գործի մանրամասները

Հայ փաստաբանը ներկայացրեց ռուս նախկին հատուկջոկատայինի սպանության գործի 
մանրամասները

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի մարզի Կրասնոգորսկի շրջանի Պուտիլկովո ավանում հունիսի 2-ի գիշերը ռուս նախկին հատուկջոկատային Նիկիտա Բելյանկինի սպանության գործով կալանավորվել է Հայաստանի Հանրապետության 9 քաղաքացի, ևս մեկը հետախուզման մեջ է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին ասաց Ռուսաստանից Հայաստան ժամանած  փաստաբան Կարեն Ներսիսյանը, ով ներկայացրեց Մոսկվայում տեղի ունեցած սպանության վերաբերյալ քրեական գործի քննության մանրամասները:
Փաստաբանը պատմեց, որ հունիսի 2-ի երեկոյան Կրասնոգորսկի շրջանի Պուտիլկովո ավանում «ԲիրՀաուս» բարի մոտ տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում մահացու վիրավորում է ստացել նախկին հատուկջոկատային Նիկիտա Բելյանկինը և տուժել ևս երկու մարդ:

«Դեպքի օրը ալկոհոլի ազդեցության տակ երկու ռուս քաղաքացի իրենց անվայել են պահել բարում, որտեղ հայազգի քաղաքացիները ծնունդ էին նշում: Այնտեղ եղել են և կանայք, և երեխաներ: Նրանց անվայել պահվածքի համար մեր քաղաքացիները խնդրել են նրանց դուրս գալ բարից և չխանգարել: Նրանց դուրս հրավիրելու բոլոր քայլերը ավարտվել են նրանով, որ այդ ռուս քաղաքացիները ազգային հողի վրա վիրավորանքներ են սկսել հնչեցնել, սակայն մեր քաղաքացիները, անկախ ամեն ինչից, նորից փորձել են նրանց դուրս հրավիրել: Այդ պահին փողոցով անցել է ռուս նախկին հատուկջոկատայինը, ով իր անձի առանձնահատկությունից ելնելով և տեսնելով, որ այլազգիները փորձում են դուրս հրավիրել ռուսներին, հանում է ատրճանակը ու կրակում  օդ: Վիճողները փորձել են համոզել, որ վեճն այլ բնույթ է կրում: Այնուհետև նա սկսել է կրակել մարդկանց ուղղությամբ, իսկ նա, ով, ըստ իս, դանակահարել է ռուս հատուկջոկատայինին  մարմնի 3 տարբեր  հատվածներում հրազենային վնասվածք է ստացել: Միայն դրանից հետո հայազգի քաղաքացին օգտագործել է դանակը, պաշտպանելու թե իրեն, թե մյուսներին»,- ասաց Ներսիսյանը:

Նա նշեց, որ 9 քաղաքացուց 7-ն ինքնակամ հանձնվել էին, քանի որ այդ քաղաքացիները համոզված էին, թե իրենց նկատմամբ նման ծանր հոդվածներ չեն կիրառվի:

 «Սակայն նրանց նկատմամբ մեղադրանք է առաջադրվել սպանության, սպանության փորձի և խուլիգանության հատկանիշներով: Այդ հոդվածներով կարող են դատապարտվել մինչև ցմահ ազատազրկման»,- ասաց փաստաբանը: Կարեն Ներսիսյանը կարծում է, որ քրեական գործով առկա են ապօրինություններ և ընթանում է ոչ օբյեկտիվ քննություն:

«Կարծում եմ, որ դրա հիմնական պատճառը այն է, որ նախաքննության մարմինը և մամուլը միանգամից այդ գործին տվել էր գնահատական, թե իբր խեղճուկրակ ռուս քաղաքացիներին եկել են այլազգիները նեղացնում են, սպանում են և այլն: Այս գործին այդպիսի երանգ տալը շատ վտանգավոր է»,- նշեց նա:

Պաշտպանը պնդում է, որ այն մարդիկ, ում սույն գործով մեղադրել են սպանության մեջ, չեն կատարել այդ հանցանքը, իսկ դանակահարողը Հովհաննես Հայրապետյանն է, ով հիմա հետախուզման մեջ է:

«Մենք նրա հարազատների միջոցով փորձում էին համոզել, որպեսզի գա և ինքնակամ ներկայանա, ճշմարտությունը պարզվի: Նա մեզ հարց տվեց, թե կա արդյոք երաշխիք, որ իր ներկայանալով մյուս անմեղ քաղաքացիները ազատ կարձակվեն: Ես չէի կարող իրեն երաշխիք տալ, որովհետև դա շատ լուրջ քննության և ժամանակի հարց է»,- ասաց նա:

Փաստաբանները փորձել են իրենց բոլոր ջանքերը գործադրել, որպեսզի Ռուսաստանի պատկան մարմինների ուշադրությունը սևեռեն այս գործին, սակայն ոչ մի արդյունք չի տվել:

«Մենք դիմել ենք և Ռուսաստանի դատախազություն, և Ռուսաստանի քննչական կոմիտե, և Հայաստանի արտաքին գործերի նախարարություն, և Հայաստանում Ռուսաստանի դեսպանություն»,- ասաց Ներսիսյանը: Փաստաբանը սույն գործով դիմելու է նաև Հայաստանի մարդու իրավունքի պաշտպանին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am