ՄԱԿ-ի գնահատող խմբի ներկայացուցիչները հանդիպել են պետական մարմինների և ՀԿ-ների ներկայացուցիչներին
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի «Կոռուպցիայի դեմ» կոնվենցիայի վերանայման երկրորդ փուլի շրջանակում Հայաստան են ժամանել ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի քարտուղարության ներկայացուցիչները և Սերբիայի գնահատող փորձագետները:
Միավորված ազգերի կազմակերպության «Կոռուպցիայի դեմ» կոնվենցիայի վերանայման երկրորդ փուլը մեկնարկել է դեռևս 2015 թվականին: Վիճակահանության միջոցով Հայաստանին գնահատող երկրներ էին ընտրվել Սերբիայի Հանրապետությունը և Դոմինիկյան Հանրապետությունը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հուլիսի 16-18-ն ընթացող աշխատանքային քննարկումների շրջանակում գնահատող խմբի ներկայացուցիչները հանդիպել են Հայաստանի Հանրապետության շահագրգիռ պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Հանդիպումների ընթացքում քննարկվում են Հայաստանի կողմից կոնվենցիայի 2-րդ (կանխարգելման միջոցներ) և 5-րդ (ակտիվների վերականգնում) գլուխների պահանջների իրականացմանն ուղղված քայլերը:
Կոնվենցիայի վերանայման 2-րդ փուլի շրջանակում փորձագետների կողմից կմշակվի Հայաստանի կողմից կոնվենցիայի 2-րդ (կանխարգելման միջոցներ) և 5-րդ (ակտիվների վերականգնում) գլուխների պահանջներին համապատասխանության վերաբերյալ զեկույց:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում