Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Հուլիս

Վարչապետի այցը Վիետնամ և Սինգապուր արտաքին քաղաքականության ասիական ուղղությունը խթանող կարևոր քայլ է


ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով հուլիսի 4-6-ը գտնվում էր Վիետնամում, իսկ հուլիսի 7-9-ը՝ Սինգապուրում: Այցի նպատակներն ու խնդիրները, ինչպես նաև արձանագրած արդյունքները կարող ենք դիտարկել մի քանի առանցքային ուղղություններով։ Նախ, այցի կարևորագույն բաղադրիչն էր տնտեսական համագործակցության խորացումը, ինչը բավական հետաքրքիր է Հայաստանի արտաքին տնտեսական հարաբերությունների դիվերսիֆիկացման տեսանկյունից։ Ըստ պաշտոնական տվյալների՝ 2018-2019թթ․ Վիետնամի հետ ապրանքաշրջանառությունը նախորդ տարիների համեմատ դրական դինամիկա է արձանագրել, իսկ Սինգապուրի հետ՝ բացասական։ Ուստի երկու դեպքում էլ անհրաժեշտ էր քննարկել ապրանքաշրջանառության ծավալների աճի խթանման և փոխադարձ ներդրումների իրականացման հնարավորությունները։ Կարևոր է նշել, որ ասիական շուկայում, հատկապես՝ Վիետնամում հետզհետե մեծանում է հետաքրքրությունը հայկական արտադրության ալկոհոլային խմիչքների նկատմամբ, ուստի պաշտոնական հանդիպումներում քննարկվել է հայկական գինու և կոնյակի արտահանման հնարավորությունները։ Առհասարակ, Վիետնամն ավելի քան իննսուն միլիոնանոց շուկա է, հետևաբար Հայաստանից իրականացվող արտահանման ծավալների ավելացումը բավական շահավետ հեռանկար է։

Ներդրումների առումով՝ պետք է ընդգծել, որ երկու երկրների թե՛ բարձրագույն ղեկավարության և թե գործարարների ու տնտեսական ոլորտի պատասխանատուների հետ հանդիպումներում վարչապետը ներկայացրել է Հայաստանի ներդրումային միջավայրը և ոլորտում իրականացվող բարեփոխումները։ Հատկանշական է, որ ձեռք բերած պայմանավորվածությունների համաձայն՝ առաջիկայում Վիետնամից և Սինգապուրից գործարարներ և ներդրողներ կայցելեն Հայաստան:  Մասնավորապես, մի շարք խոշոր ընկերությունների ներկայացուցիչներ այս տարվա աշնանը մասնակցելու են Երևանում կայանալիք Բարձր տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսին, ինչը հստակ ներդրումային ծրագրերի շուրջ հստակ պայմանավորվածություններ ձեռք բերելու հնարավորություն է։

Ներդրումների իրականացման տեսանկյունից Հայաստանը ևս կարող է մեծ հետաքրքրություն ներկայացնել վիետնամցի և սինգապուրցի գործարարների համար՝  ծառայելով որպես հարթակ, որը հնարավորություն է ընձեռում դուրս գալ ԵԱՏՄ, ԵՄ երկրների, Վրաստանի, Իրանի և այլ շուկաներ:

Այցի արդյունքում Վիետնամի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել աշնանը Երևանում կայանալիք միջկառավարական հանձնաժողովի առաջիկա նիստի ընթացքում անցկացնել նաև գործարար համաժողով: Հավանաբար, այդ ընթացքում կքննարկվի նաև երկու երկրների միջև վիզային ռեժիմի դյուրացման, զբոսաշրջության ոլորտում կապերի զարգացման, կրկնակի հարկումը բացառող համաձայնագրի ստորագրման հարցերը։ Իսկ Սինգապուրի հետ կրկնակի հարկումը բացառող համաձայնագիրն արդեն ստորագրվել է, ինչը ևս լուրջ խթան է փոխադարձ ներդրումների իրականացման համար։

Այցի ընթացքում ուշադրության կենտրոնում է եղել նաև ՏՏ ոլորտը։ Ինչպես Վիետնամի, այնպես էլ Սինգապուրի հետ Հայաստանի ՏՏ ոլորտի պատասխանատուներն արդեն իսկ պայմանավորվել են իրականացնել պիլոտային համատեղ ծրագրեր։ Այս ոլորտում ասիական երկրները բավական մեծ ձեռքբերումներ ունեն, ուստի հայկական կազմակերպությունների հետ նրանց փորձի փոխանակումը մեր երկրի տեղեկատվական ոլորտի ներուժի մեծացման տեսանկյունից բավական կարևոր է։

Անդրադառնալով հումանիտար ոլորտին՝ պետք է նշել, որ վարչապետի այցի ընթացքում կարևորվել է համագործակցությունը հատկապես կրթության և զբոսաշրջության ոլորտներում։ Ե՛վ Վիետնամի, և՛ Սինգապուրի հետ ստորագրվել են կրթության ոլորտի փաստաթղթեր, Սինգապուրի հետ փաստաթուղթ է ստորագրվել նաև զբոսաշրջության ոլորտում համագործակցության վերաբերյալ, Վիետնամի հետ նման հուշագրի ստորագրումն ընթացքի մեջ է։ Քննարկվել է նաև վիզային ռեժիմի դյուրացման ուղղությամբ քայլերի իրականացումը: Գաղտնիք չէ, որ վերջին շրջանում ասիական երկրներն, այդ թվում՝ Վիետնամն ու Սինգապուրը սկսել են ավելի մեծ հետաքրքրություն ներկայացնել հայ զբոսաշրջիկների համար, ուստի սրանք կարևոր քայլեր են՝ ուղղված հումանիտար կապերի ամրապնդմանը, ինչպես նաև զբոսաշրջության խթանմանը։

Նիկոլ Փաշինյանի այցի ընթացքում անուշադրության չի մատնվել քաղաքական ոլորտում համագործակցությունը։ Միջազգային ձևաչափերում փոխադարձ գործելու, խորհրդարանականների միջև համագործակցության վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները բավական կարևոր են Հայաստանի համար, եթե հաշվի առնենք, որ միջազգային տարբեր հարթակներում Հայաստանի համար կարևոր է մեծ թվով գործընկեր երկրների առկայությունը՝ հավասարակշռելու Ադրբեջանի հակահայկական գործողությունները, օրինակ, ՄԱԿ-ում։

Այցի համատեքստում կարևոր է առանձին անդրադարձ կատարել նաև ԵԱՏՄ-ի հետ Սինգապուրի և Վիետնամի համագործակցությանը։ Գաղտնիք չէ, որ Վիետնամի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագիրը թևակոխել է իրականացման փուլ, իսկ Սինգապուրի հետ ընթանում են բանակցություններ նմանատիպ համաձայնագրի ստորագրման շուրջ։ Նման համագործակցությունն, անշուշտ, առավել կնպաստի այդ երկրների հետ Հայաստանի և Եվրասիական միության մյուս անդամների հետ ապրանքաշրջանառության աճին։ Հատկանշական է, որ Նիկոլ Փաշինյանն այցի ընթացքում, ըստ էության, ներկայացնում էր նաև ԵԱՏՄ-ն՝ որպես կառույցում նախագահող երկրի ղեկավար։ Կարևոր է ընդգծել, որ վարչապետն այցից առաջ և դրա առաջին օրերին հեռախոսազրույցներ է ունեցել ԵԱՏՄ անդամ մյուս երկրների ղեկավարների հետ՝ քննարկելով նաև ԵԱՏՄ արտաքին տնտեսական գործակցությանը վերաբերող հարցեր։ 

Ամփոփելով, պետք է նշել, որ Նիկոլ Փաշինյանի այցն, ըստ էության, տարածաշրջանային այց էր։ Այս երկրները, հատկապես՝ Սինգապուրը, Հայաստանի համար մշտապես եղել են ընդօրինակման մոդել։ Չնայած դրան՝ ոչ պակաս կարևոր է հենց «ասիական վագրի» նախաձեռնողականությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման ուղղությամբ։ Կարևոր է նշել, որ հենց վարչապետ Լի Սիեն Լոնգի հրավերով է ՀՀ վարչապետն այցելել Սինգապուր։ Ուստի ակնհայտ է, որ կողմերը երկուստեք կարևորում են միմյանց միջև տարբեր ոլորտներում փորձի  փոխանակումը։ Հետաքրքրական է, որ նախկինում ևս քայլեր են արվել այս երկրների հետ հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ, բայց այժմ խնդիր կա դրանք ավելի գործնական մակարդակի հասցնելու։ Վարչապետի այցը Վիետնամ և Սինգապուր կարելի է համար այդ երկրների հետ հարաբերությունները հետևողականորեն խորացնելու և դրանց նոր որակ հաղորդելու առաջին քայլը։

Վարդուհի Հարությունյան

 




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ