Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Հոկտեմբեր

Կառավարությունը հավանություն տվեց ՉԺՀ-ի հետ առանց վիզային ռեժիմ սահմանելու համաձայնագրի վավերացմանը

Կառավարությունը հավանություն տվեց ՉԺՀ-ի հետ առանց վիզային ռեժիմ սահմանելու 
համաձայնագրի վավերացմանը

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հավանություն տվեց 2019 թվականի մայիսի 26-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությանը:

Նախագիծը կներկայացվի ՍԴ՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով:

Արտաքին գործերի փոխնախարար Արտակ Ապիտոնյանը նշեց, որ այս համաձայնագիրը կնքելու պայմանավորվածությունը ձեռք է բերվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Չինաստան այցի ժամանակ:

«Կողմերը շահագրգիռ են տարբեր ոլորտներում համագործակցութունը շարունակ խորացնելու հարցում, այդ թվում՝ միջանձնային շփումների և զբոսաշրջության խթանման միջոցով»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց փոխնախարարը՝ ավելացնելով, որ Չինաստանում համաձայնագիրը, ամենայն հավանականությամբ, կվավերացվի առաջիկա մեկ ամսվա ընթացքում:

Չինաստանի հետ «Սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին» համաձայնագրի վավերացմամբ ակնկալվում է Կողմերի միջև առևտրային, գործարար, զբոսաշրջային փոխանակումների առավել ակտիվացում:

Ըստ այդմ, ՉԺՀ քաղաքացիները ՀՀ մուտքի վիզա կարող են ստանալ նաև ՀՀ պետական սահմանի անցման կետերում: Միաժամանակ, 2018 թ. հունվար-հոկտեմբեր ժամանակահատվածում Չինաստանից Հայաստան են այցելել 8 430 քաղաքացիներ, իսկ մեկնել՝ 8 450: Այսինքն՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացիների համար ՀՀ մուտքի վիզաների ռեժիմի դյուրացման պայմաններում ներհոսքի ավելացում չի նկատվել:

Համաձայնագրով ՀՀ վավեր սովորական անձնագրեր կրող քաղաքացիները և Չինաստանի վավեր սովորական անձնագրեր կրող Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացիները մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածք մուտք գործելիս, դուրս գալիս կամ տարանցիկ երթևեկելիս ազատվում են մուտքի արտոնագրի պահանջից իրենց մուտք գործելու օրվանից մինչև իննսուն օր ժամկետով՝ ցանկացած 180 օր ժամանակահատվածի ընթացքում:

Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացիները, ովքեր մտադիր են մուտք գործել և  մյուս  Կողմի   պետության տարածքում  գտնվել իննսուն օրը գերազանցող ժամկետով՝ ցանկացած 180 օր ժամանակահատվածի ընթացքում, կամ աշխատելու, սովորելու, բնակվելու, զբաղվելու լրագրությամբ կամ այլ գործունեությամբ, պետք է դիմեն նախապես մուտքի արտոնագիր ստանալու համար։

 




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ