Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՀՀ կառավարությունը շարունակում է վայելել բնակչության մեծամասնության վստահությունը. հարցում

ՀՀ կառավարությունը շարունակում է վայելել բնակչության մեծամասնության 
վստահությունը. հարցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային հանրապետական ինստիտուտի (ՄՀԻ) հասարակական հարցումների կենտրոնի՝ Հայաստանի բնակչության շրջանում անցկացվող նոր ներկայացուցչական հարցումը ցույց է տալիս, որ կառավարությունը շարունակում է վայելել բնակչության մեծամասնության վստահությունը։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Միջազգային հանրապետական ինստիտուտից, բնակչության մեծամասնությունը լավատես է նաև երկրի ապագայի նկատմամբ` չնայած հանրության շրջանում շարունակվող տնտեսական մտահոգություններին։

Ըստ հարցման արդյունքների, կառավարությունը շարունակում է վայելել հասարակական լայն շրջանակների դրական տրամադրվածությունը շարունակելու երկրում իրականացվող արմատական բարեփոխումները։ Հարցվածների ավելի քան 60 տոկոսը ցանկանում է, որ կառավարությունը տնտեսական և քաղաքական բարեփոխումներն իրականացնի ոչ թե աստիճանաբար, այլ արագ կերպով։

«Հայ մարդկանց արտահայտած բարի կամքը և տրամադրվածությունը կառավարությանն ընձեռում են արմատական բարեփոխումներ իրականացնելու և մարդկանց տնտեսական բարեկեցությունը բարելավելու աննախադեպ հնարավորություն», ասել է Սթիվեն Նիքսը, ՄՀԻ Եվրասիա տարածաշրջանի տնօրենը։

«Կառավարության բարեփոխումների իրականացումը շրջադարձային նշանակություն ունի հասարակական աջակցության պահպանման և կառավարության բարեփոխումների ծրագրի իրականացման համար»,-հավելել է Նիքսը։

Հարցվածների 72 տոկոսը վստահություն է հայտնել վարչապետի ինստիտուտի նկատմամբ, 60 տոկոսն էլ կարծում է, որ երկիրն ընթանում է ճիշտ ուղով։ Չնայած այս վերջին ցուցանիշն անկում է ապրել 12 կետով, ի համեմատ անցած տարվա հոկտեմբեր ամսի, այնուամենայնիվ, այս ցուցանիշը կառավարության նկատմամբ վստահության արտահայտման նշանակալի արտահայտություն է։ Վստահության այս բարձր մակարդակի մեկ այլ վկայություն է հարցվածների աջակցությունը բարեփոխումների իրականացմանը․ հարցվածների 59 տոկոսը կարծում է, որ կառավարությունը բավականաչափ ջանքեր է գործադրում կոռուպցիայի դեմ պայքարում։

Չնայած լավատեսության այս դրսևորումներին` կան նաև մի շարք հանրային մտահոգություններ։ Կառավարության ամենամեծ ձախողումների վերաբերյալ հարցին պատասխանելիս հարցվածներն առավել հաճախ նշում են վատ կառավարումը (22 տոկոս): Անցած վեց ամիսների ընթացքում այն մարդկանց տոկոսն, ովքեր հավատում են, որ կարող են ազդել երկրում ընդունվող որոշումների վրա նվազել է 72 տոկոսից հասնելով 53 տոկոսի։ Այն հարցին, թե որոնք են այն երեք խնդիրները, որոնց կառավարությունը պետք է լուծում տա առաջիկա վեց ամիսների ընթացքում, հարցվածները, ՄՀԻ նախորդ հարցման արդյունքերին համահունչ, նշում են աշխատատեղերը (30 տոկոս), սոցիալ-տնտեսական խնդիրները (18 տոկոս), աշխատավարձերը (14 տոկոս) և թոշակները (12 տոկոս)։

Չնայած հարցվածների 42 տոկոսը կարծում է, որ անցած վեց ամիսների ընթացքում տնտեսությունն ընդհանուր առմամբ զարգացում է ապրել, նույն ժամանակաշրջանում հարցվածների միայն 24 տոկոսն է բարելավում նկատել սեփական տնտեսական վիճակի մեջ։

Մեթոդաբանություն

ՄՀԻ հարցումն իրականացրել է Դոկտոր Ռասա Ալիշաուսկենեն Բալթիկ Սըրվեյ/Դը Գելլափ կազմակերպությունից։ Տվյալների հավաքագրումը Հայաստանում իրականացրել է Հայկական սոցիոլոգիական ասոցիացիան։ Տվյալները հավաքագրվել են ողջ երկրում 2019 թվականի մայիսի 6-ից մայիսի 31- ն ընկած ժամանակահատվածում հարցվողների տներում դեմ առ դեմ հարցազրույցների միջոցով։ Ընտրանքը բաղկացած է Հայաստանի 18 տարեկան և բարձր, ընտրելու իրավունք ունեցող 1200 մշտական բնակիչներից։ Ընտրանքը ներկայացուցչական է ըստ ընդհանուր բնակչության տարիքի, սեռի և բնակության վայրի։ Ընտրանքի սխալը նշանակալիորեն չի գերազանցում ողջ ընտրանքի 2․5 տոկոսը։ Հարցումը ֆինանսավորվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am