Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Համաշխարհային ունիվերսիադային մասնակցելու է Հայաստանի 14 ուսանող մարզիկ

  Համաշխարհային ունիվերսիադային մասնակցելու է Հայաստանի 14 ուսանող մարզիկ

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ուսանողական մարզական պատվիրակությունը 2019 թվականի հուլիսի 3-14-ը կմասնակցի ամառային 30-րդ Համաշխարհային ունիվերսիադային:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մրցումները տեղի են ունենալու Իտալիայի Նեապոլ քաղաքում:

Մարզական պատվիրակության կազմում ընդգրկված են 14 մարզիկ և 4 մարզիչ: Հայաստանի ուսանող մարզիկները մրցելու են աթլետիկայի, ձյուդոյի, սուսերամարտի, ջրացատկի և թաեքվոնդոյի մարզաձևերում: 

Պատվիրակությանը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում հունիսի 28-ին ընդունեցին նախարար Արայիկ Հարությունյանը, նախարարի տեղակալներ Գրիշա Թամրազյանն ու Գևորգ Լոռեցյանը:

Արայիկ Հարությունյանը հաջողություն մաղթեց ուսանող մարզիկներին` նշելով, որ պետությունը կարևորում է ուսանողական սպորտի զարգացումը և առաջիկայում այս ոլորտում լուրջ փոփոխություններ են նախատեսվում:

Նրա խոսքով՝ նախատեսվում է ստեղծել ուսանողական մարզական լիգաներ: «Պետության համար, նաև միջազգային ասպարեզներում, դիրքերն ամրապնդելու առումով, կարևոր են սպորտային հաղթանակները: Միջազգային քաղաքականության մեջ սպորտը կարևոր տեղ ունի և պատահական չէ, որ հզոր պետությունները ձգտում են մասնակցել ամենահզոր ստուգատեսներին և գրավել բարձր տեղեր: Մեր պետությունը ևս կարևորում է սպորտային ձեռքբերումները` այն դիտարկելով  միջազգային դիրքերի ամրապնդման միջոց»,- ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարարը:

Պատվիրակության ղեկավար, Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Հովհաննես Գաբրիելյանը նշեց, որ ՀՀ-ի լիարժեք աջակցության շնորհիվ իրենք կկարողանան հավուր պատշաճի ներկայանալ ունիվերսիադային:

«Նախապատրաստվել սկսել ենք գրեթե մեկ տարի առաջ՝ աշխատելով տարբեր ֆեդերացիաների և միջազգային կազմակերպությունների հետ: Ունիվերսիադային ներկա է լինելու շուրջ 10 հազար պատվիրակ մոտ 160 երկրից: Այս տարի մասնակցել ենք նաև ձմեռային ունիվերսիադային՝ 10 հոգանոց պատվիրակությամբ, սակայն չնայած լավ մասնակցությանը մեդալներ չեղան»,- նշեց Գաբրիելյանը:

Այս տարի մրցաշարում ընդգրկված է 18 մարզաձև։ ՀՀ ուսանողական մարզական պատվիրակությունը նախորդ տարիներին երկու տարին մեկ անցկացվող այս  միջազգային մրցաշարում ունեցել է մեդալակիրներ: Մասնավորապես վերջին  երեք ունիվերսիադիաներում Հայաստանի պատվիրակությունը 17 մեդալ է նվաճել, այդ թվում` 5 ոսկե, 4 արծաթե, 8 բրոնզե մեդալ: Մրցաշարին մասնակից 160 երկրի մեջ Հայաստանը մշտապես ընդգրկված է եղել 30 առավել բարձր արդյունքներ ցույց տված երկրների ցանկում:

ՀՀ ուսանողական մարզական ֆեդերացիան 1995 թվականից հանդիսանում է  համալսարանական սպորտի միջազգային ֆեդերացիայի լիիրավ անդամ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am