Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ընթերցողների սեղանին դրվեց Ռաֆայել Նահապետյանի «Ուշադրություն, սկսվում է… » գիրքը

Ընթերցողների սեղանին դրվեց Ռաֆայել Նահապետյանի «Ուշադրություն, սկսվում է… » 
գիրքը

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ժամանակակից հայ գրականության ինքնատիպ արձակագիրներից մեկի` Ռաֆայել Նահապետյանի  լավագույն պատմվածքների ընտրանին և  «Ուշադրություն, սկսվում է… » վիպակը զետեղվել են մեկ գրքում, որը լույս է ընծայել «Անտարես» հրատարակչությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` գրքի շնորհանդեսն անցկացվեց հունիսի 27-ին Հայաստանի գրողների միությունում:

«Գիրքը կազմել է Ռաֆայելի որդին` Հայկարամ Նահապետյանը: Ըստ իս` սա Ռաֆայելին ներկայացնող լավագույն ժողովածուներից է: Նա գրական աշխարհ մուտք գործեց պատմվածքներով և միանգամից ուշադրություն գրավեց: Դեռ համալսարանում սովորելու տարիներին Ռաֆայելը յուրահատուկ պատմվածաշար էր ստեղծել, որը կոչվում էր «Պատկերասրահ»: Շատ հետաքրքիր ստեղծագործություն էր:  Ռաֆայելի գործերն ունեն ռոմանտիկ երանգ, հարուստ են կենսական իրողություններով»,-նշեց գրողների միության նախագահ Էդվարդ  Միլիտոնյանն ու շեշտեց, որ   «Ուշադրություն, սկսվում է… » գիրքն արժանի է ընթերցողների ուշադրությանը:

Գրականագետ, «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը պատմեց, որ Հայկարամ Նահապետյանի հետ որոշել են այս գրքով ներկայացնել Նահապետյանի անցած ճանապարհը, նրա ստեղծագործության  հիմնական հատկանիշները: «Զետեղված պատմվածքները բազմաոճ են. կան  քնարական, ռոմանտիկ պատմվածքներ, էքզիստենցիալ իրավիճակներ պատկերող գործեր, որոնցում ամբողջացված է Ռաֆայելի գրողական ձեռագիրը»,-ընդգծեց Նիկողոսյանը:

Անդրադառնալով «Ուշադրություն, սկսվում է…» վիպակին`  գրականագետն ասաց, որ այն գրվել է խորհրդային շրջանի վերջում, տպագրվել է «Նորք» ամսագրում: «Վիպակում բավականին սուր քաղաքական  ենթատեքստեր կան: Այն վերախմբագրելիս հասկացանք, որ վիպակն արդիական է նաև այսօր, որովհետև նմանատիպ ստեղծագործությունները, որոնք կառուցված են քաղաքական այլախոհության վրա, երբեք չեն հնանում, քանի որ ժամանակները փոխվում են, բայց որոշ բարքեր` ոչ»,-եզրափակեց Նիկողոսյանը:

Ռաֆայել Նահապետյանը ծնվել է  1946 թվականի հունիսի 8-ին Երևանում: Սովորել է Ալ. Մյասնիկյանի անվան  թիվ 66 դպրոցում, ապա` Երևանի էլեկտրամեխանիկական տեխնիկումում:  1971-ին ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը: Որպես սպա ծառայել է  ԽՍՀՄ բանակում:

Հետագայում աշխատել է  Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդումների պետական կոմիտեում` որպես գրական հաղորդումների գլխավոր  խմբագրության խմբագիր, ապա` ավագ խմբագիր: Ռաֆայել Նահապետյանը 1985-ին  դարձել է ԽՍՀՄ գրողների միության անդամ: Նրա ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն, ուկրաիներեն, լիտվերեն, լատիշերեն,  չեխերեն, ռումիներեն և այլ լեզուներով:

Գրողը կյանքից հեռացել է 2010 թվականի հուլիսի 19-ին:

«Ռաֆայել Նահապետյանի ստեղծագործությունները  պայմանականորեն կարելի է  կոչել իսկական քաղաքային գրականություն: Գրականությունը մտացածին չէր, գալիս էր իր ապրածից, մարմնավորում էր հղացման գեղեցկությամբ ու ոճային առանձնահատկությամբ»,- Նահապետյանի գրական ստեղծագործությունների մասին գրել է  բանաստեղծ, թարգմանիչ Շանթ Մկրտչյանը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am