Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

«Դեպի Սուրբ Էջմիածին, դեպի սրբազան Արցախ». Հայ Եկեղեցու աշխարհասփյուռ թեմերի երիտասարդներն այցելելու են Արցախ

«Դեպի Սուրբ Էջմիածին, դեպի սրբազան Արցախ». Հայ Եկեղեցու աշխարհասփյուռ 
թեմերի երիտասարդներն այցելելու են Արցախ

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ հուլիսի 4-7-ը կայանալու է Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման (ՀԵՀԵՄ) «Դեպի Սուրբ Էջմիածին, դեպի սրբազան Արցախ» ուխտագնացությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`  համահայկական հավաքին մասնակցելու է Հայաստանի, Արցախի և Սփյուռքի թեմերից ժամանած շուրջ 250 եկեղեցասեր երիտասարդ:
Վեհափառ Հայրապետի օրհնությամբ ուխտագնացությունն ավանդաբար մեկնարկելու է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից:
Երիտասարդական հավաքի մասնակիցներն այցելելու են Հայաստանի և Արցախի տեսարժան վայրեր, հանդիպելու են Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի և ԱՀ նախագահ Բակո Սահակյանի հետ:
Այս տարի հավաքի գործնական մասը լինելու է նոր ձևաչափով: Երիտասարդական միությունների ներկայացուցիչները ոլորտի առաջատար փորձագետների հետ քննարկելու են իրենց գաղափարներն ու նախաձեռնությունները` բաժանվելով 7 խմբերի. հոգևոր-ազգային միջոցառումներ, բիզնես-ֆորումային, սպորտային-օլիմպիական, մշակութային, սոցիալական, տեղեկատվական և կրթադաստիարակչական: Ծրագրային խմբերի աշխատանքները միտված են երիտասարդ ակտիվիստների մեջ առաջնորդական կարողությունների զարգացմանը, քույր թեմերի (Հայաստան-Սփյուռք) համագործակցության խթանմանը, ՀԵՀԵՄ տարածաշրջանային և միջտարածաշրջանային, ինչպես նաև համաերիտասարդական նոր ու կազմակերպված միջոցառումների նախագծմանը:

2018 թվականին Երիտասարդական հավաքն անցկացվեց «Դեպի հայրենիք, դեպի Սուրբ Էջմիածին» խորագրի ներքո: Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից հռչակված Երիտասարդության տարվա շրջանակներում կայացած ուխտագնացությանը մասնակցեց ավելի քան 400 երիտասարդ: Հավաքի մասնակիցները հանդիպեցին Նորին Սրբություն Գարեգին Բ Կաթողիկոսի, Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի, և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am