Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Օգոստոս

Վրացագետը Հայաստանի համար կարևորում է Վրաստանի կայուն ներքաղաքական իրավիճակը


ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրացագետ Ջոնի Մելիքյանը Հայաստանի համար նպաստավոր չի համարում Վրաստանի ներքաղաքական լարված իրավիճակը: Մելիքյանը դա պայմանավորում է երկու հանգամանքով` Վրաստանի հետ տնտեսական կապվածությամբ և երկրում խոշոր հայ համայքնի առկայությամբ:

«Վրաստանում մենք ունենք խոշոր հայ համայնք, ինչպես նաև հայ-վրացական հարաբերությունները բարիդրացիական են և կապված են տնտեսապես: Բացի այդ, քաղաքական երկխոսությունը երկու երկրների միջև բավականին բարձր մակարդակի վրա է, և Հայաստանի ազգային շահերից է բխում, որ Վրաստանում իրավիճակը կայուն լինի, քանի  որ Վրաստանը հանդիասանում է Հայաստանի համար որպես դարպաս դեպի արտաքին աշխարհ: Միայն մեր առևտրի 70 տոկոսն անցնում է իրենց տարածքով, և այդ երկիրն է կապում մեզ թե Եվրոպայի հետ, և ԱՊՀ երկների»,-  «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հունիսի 24-ին լրագրողների հետ զրույցում նշեց Ջոնի Մելիքյանը:

Վրաստանի խորհրդարանի պատգամավորները հունիսի 20-ին խափանել են Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի աշխատանքները։ Ռուս պատգամավորների ներկայությունը միանշանակ չի ընդունվել Վրաստանի խորհրդարանականների կողմից, նրանք իրենց բողոքի ձայնն են բարձրացնել ռուս պատգամավորների մասնակցության առնչությամբ: Բողոքներն սկսվել են սկանդալից հետո՝ կապված Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի այցի հետ, որն զբաղեցնում է Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի ղեկավարի պաշտոնը: Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում նույն օրը բախումների հետևանքով 200-ից ավելի մարդ է տուժել, այդ թվում, ոստիկաններ, լրագրողներ: Ինչպես հայտնել են վրացական ԶԼՄ-ները, բերման է ենթարկվել մի քանի տասնյակ մարդ:

Ցուցարարների և ոստիկանության աշխատակիցների միջև բախումներին հաջորդել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրաքլի Կոբախիձեի հրաժարականը: Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին երկրում կազմակերպված ցույցերի համար մեղադրել էր Ռուսաստանին, ինչին ի պատասխան ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը վրաց նախագահի հայտարարությունը ոչ պրոֆեսիոնալ է անվանել՝ նշելով, որ Ռուսաստանի վրա մեղք բարդելու փորձերը խեղաթյուրում են իրավիճակը:

Հունիսի 21-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որը ռուսական ավիաընկերություններին արգելում է հուլիսի 8-ից սկսած ՌԴ քաղաքացիներին փոխադրել Վրաստանի տարածք:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ