Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայաստանը կապող օղակ՝ արտասահմանյան Start up-երի և Սիլիկոնյան հովտի միջև. նախարար Արշակյանը մանրամասնում է նոր ծրագիրը

Հայաստանը կապող օղակ՝ արտասահմանյան Start up-երի և Սիլիկոնյան հովտի միջև. 
նախարար Արշակյանը մանրամասնում է նոր ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կյանքի կկոչվի նոր ծրագիր, որով աջակցություն կցուցաբերվի Start up-երին՝ միջազգային շուկա մուտք գործելու համար՝ օգտագործելով Սիլիկոնյան հովտի հնարավորությունները: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը՝ անդրադառնալով ԱՄՆ կատարած իր աշխատանքային այցին: Նա տեղեկացրեց, որ Start up-երին աջակցելու նպատակով այժմ մշակվում է ծրագիր, որը փաթեթավորման փուլում է:  

«Նախագծի իմաստն այն է, որ հեշտացնենք հայկական, և ոչ միայն, ստարտափերի մուտքը շուկա՝ օգտագործելով Սիլիկոնյան հովտի հնարավորությունները: Այստեղ ուզում եմ ընդգծել ոչ միայն հայկական ստարտափերին աջակցելու հանգամանքը: Օրինակ, ղազախական ընկերությունը, որ ցանկանում է ներդրումներ կատարել, դուրս գալ շուկա, սակայն դժվարություններ է ունենում, մենք մեր հնարավորություններն ու փորձը կարող ենք օգտագործել: Հայաստանը կարող է հանդիսանալ այն կապող օղակը, որը հնարավորություն կտա դուրս գալ շուկա: Իսկ մենք դա կարող ենք, որովհետև նախ մենք նոր չենք այս բիզնեսում, արդեն հաջողակ ստարտափեր կան: Երկրորդ կարևոր գործոնը՝ մենք ունենք Սփյուռք, որի ներուժը կարող ենք օգտագործել: Ի դեպ, ԱՄՆ կատարած այցի ընթացքում մենք հանդիպում ունեցանք Սիլիկոնյան հովտում հայկական ինժեներական համայնքի հետ: Մասնակցում էր 100-ից ավելի մարդ, ունեցանք արդյունավետ քննարկում»,-ասաց Հակոբ Արշակյանը:

Խոսելով ԱՄՆ կատարած այցից՝ Հակոբ Արշակյանը նշեց, որ պատվիրակության կազմում ներգրավված են եղել 15-ից ավելի մասնավոր ընկերություններ, որոնց հնարավորություն է ընձեռվել հանդիպել մեծ ընկերությունների, խոշոր կորպորացիաների ղեկավարությունների հետ, կապեր հաստատել ամերիկյան ընկերությունների հետ: Հակոբ Արշակյանի խոսքով, այս մոտեցումը շարունակվելու է նաև առաջիկայում, աշխատանքային այցերի ընթացքում ներգրավելու են նաև տեղական մասնավոր ընկերություններին, որպեսզի շուկաներ մուտք գործելու հնարավորություն ունենան, կապեր հաստատեն:

«Տասնյակ լուրջ հանդիպումներ ենք ունեցել`թե վենչուրային ներդրողների, գործարարների, թե մեծ կորպորացիաների ղեկավարության հետ: Բազմաթիվ հնարավորություններ ենք ունեցել ներկայացնելու Հայաստանը, հայկական բարձր տեխնոլոգիական ընկերությունները: Արդեն լուրջ արձագանքներ կան, որոշներն ընդունել են Հայաստան գալու հրավերները»,-ասաց նախարարը:

Հակոբ Արշակյանի խոսքով, կան ծրագրեր, որոնք այս պահին քննարկման փուլում են: Մասնավորապես, Դրափեր համալսարանի (Draper University) հետ քննարկումների մեջ են: Այն ձեռներեցության համալսարան է, որը 3-6 ամսվա կուրսեր է անցկացնում ինժեներների համար և հնարավորություններ է ստեղծում շփվելու շուկայի մեծ խաղացողների հետ:

«Այժմ քննարկվում է համալսարանի՝ Հայաստանում գրասենյակ ունենալու հարցը: Մեծ շանսեր կան, որ կարող ենք իրենց բերել մեր երկիր: ԱՄՆ այցն իսկապես արդյունավետ էր, արդյունքներ նկատվում են, թե հիմա, թե կլինեն առաջիկայում»,-հավելեց նախարարը:   

Աննա Գզիրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am