Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Մեղադրող կողմը փաստական տվյալներ են ձեռք բերել Սիլվա Համբարձումյանի կողմից հանքավայրեր ձեռք բերելու հարցում Վարդան Օսկանյանի դերակատարության մասին

Մեղադրող կողմը փաստական տվյալներ են ձեռք բերել Սիլվա Համբարձումյանի կողմից 
հանքավայրեր ձեռք բերելու հարցում Վարդան Օսկանյանի դերակատարության մասին

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ վերաքննիչ դատարանում  մեղադրող կողմ դատախազ Պետրոս Պետրոսյանը անդրադարձավ  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված խոշոր չափով կաշառք վերցնելու մեղադրանքին, որում ներկայացրեց մի քանի ուշագրավ տվյալներ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դատախազը նշեց, որ Երևանի առաջին ատյանի դատարանը իր տրամադրության տակ է ունեցել բավարար փաստեր, հետևություններ և ապացույցներ, մասնավորապես`  որպես վկաներ հարցաքննված Սիլվա Համբարձումյանի, Լևոն Ալթունյանի և Անահիտ Իսրայելյանի ցուցմունքները, Սիլվա Համբարձումյանի, Վարդան Օսկանյանի և Սամվել Մայրապետյանի առերես հարցաքննության արձանագրությունները, ինչպես նաև առգրավված և զննված «Լեկալ Դեվելոփերս» և «Պրինսթոն գրուփ» ընկերությունների բանկային գաղտնիք համարվող տեղեկությունները, ՀՀ ոստիկանության ԿՀԴՊԳՎ-ից ստացված գրությունը, Հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող մեկ այլ գործի զննության արձանագրությունը:

 Ներկայացնելով հրապարակման համար թույլատրելի փաստական տվյալների բովանդակությունը՝ Պետրոսյանն ասաց, որ դրանք վերաբերում են Սիլվա Համբարձումյանի կողմից հանքավայրեր ձեռք բերելու հարցում հովանավորչություն ստանալու նպատակով Վարդան Օսկանյանի միջոցով նախագահ Ռոբերտ Քոչարյանին դիմելուն ու նրա համաձայնությունը ստանալուն, ինչպես նաև մինչև 2008 թվականի մայիս ամիսը Մայրապետյանի միջոցով շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար Ռոբերտ Քոչարյանին փոխանցելուն:

«Այդ տեղեկությունները ներառված են Սիլվա Համբարձումյանի՝ որպես ապացույց հանդիսացող ցուցմունքներում, որոնք, ըստ էության, հաստատված են նաև Վարդան Օսկանյանի Համբարձումյանի հաղորդած տվյալները չժխտող ցուցմունքներով, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով առգրավված ու զննված` քիչ առաջ իմ կողմից հրապարակված արձանագրություններով ու այլ ֆինանսական փաստաթղթերով», - նշեց  Պետրոսյանը:

Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, 2008-ին ՀՀ ԶՈՒ շտաբի պետ Սեյրան Օհանյանի, ՀՀ ՊՆ նախարարի տեղակալ, Երևանի կայազորի պետ Յուրի Խաչատուրովի, Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանի վերաբերյալ՝ Գլխավոր դատախազության, ինչպես նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանի և տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի բողոքների վերաբերյալ նիստը: Մայիսի 18-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը որոշեց Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխարինել Արցախի ներկա և նախկին նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորությամբ: Այնուհետև դատավոր Գրիգորյանը կասեցրեց քրեական գործի վարույթն ու այն ուղարկեց Սահմանադրական դատարան: ՀՀ գլխավոր դատախազությունը մայիսի 23-ին բողոքարկեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի կայացրած երկու որոշումները:

Համաձայն Datalex տեղեկատվական համակարգում հրապարակված մեղադրական եզրակացության՝ Ռոբերտ Քոչարյանը 1998թ․ ապրիլի 9-ից մինչեւ 2008 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ Նախագահի պաշտոնը, տապալել է ՀՀ սահմանադրական կարգը, ինչպես նաեւ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակից եւ տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, 2008 թվականի փետրվարին եւ մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 927․000․000 ՀՀ դրամին համարժեք 3․000․000 ԱՄՆ դոլար կաշառք։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am