Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՀՀ նախագահը համահայկական ցանցն ամրացնելու առաքելությունը ցանկանում է տեսնել «Հայաստան» համահայկական հիմնադրամի ուսերին

ՀՀ նախագահը համահայկական ցանցն ամրացնելու առաքելությունը ցանկանում է 
տեսնել «Հայաստան» համահայկական հիմնադրամի ուսերին

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանը ճիշտ ժամանակն է համարում, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամը իր վրա վերցնի նաև համահայկական ցանցն ամրացնելու առաքելությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախագահ Սարգսյանը հայտնեց հունիսի 18-ին մեկնարկած «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան ժողովի ընթացքում:

«Ժամանակն է, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամը իր վրա վերցնի նաև համահայկական ցանցն ամրացնելու առաքելությունը: Ի վերջո, մեր հայապահպանության, հայոց լեզվի, ինքնության, պատմության, արժեհամակարգերի պահպանման խնդիր ունենք, որը գլոբալիզացիայի պայմաններում ավելի սուր դրսևորումներ է ստանում: Հաշվի առնելով կառուցվածքային լայն աշխարհագրությունը` հիմնադրամը կարող է նաև նմանատիպ ծրագրեր իրականացնել` ամրացնելով նաև հայկական համայնքները և հայկական արժեքները: Հենց այդ համայնքներն են շահառու-նվիրատու-աջակից շղթայի ամենակենսական, ամենակարևոր օղակները: Սա կարող է դառնալ հիմնադրամի ռազմավարական նպատակներից մեկը: Ես հուսով եմ, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամն իր ազգանվեր գործունեությունը շարունակելու է նոր ծրագրերով և նոր ոգևորությամբ»,- ասաց նախագահը:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան ժողովին մասնակցում են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ու այլ բարձրաստիճան պաշտոնյաներ Հայաստանից, Արցախից և սփյուռքից:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am