Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Հուլիս

Հայաստանում բացառիկ համարվող լյարդի փոխպատվաստման վիրահատության ենթարկված պացիենտը դուրս գրվեց հիվանդանոցից


ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Աստղիկ» բժշկական կենտրոնի թիմն այսօր տուն ճանապարհեց Հայաստանում բացառիկ համարվող լյարդի փոխպատվաստման վիրահատության ենթարկված  պացիենտին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սվետլանա Հակոբյանը, ով ամիսներ առաջ կորցրել էր ապրելու հույսը, փրկվեց՝շնորհիվ 20-ամյա դստեր և հայ ու ռուս բժիշկներից կազմված պրոֆեսիոնալ թիմի: «Երեք տարի առաջ կոմայի մեջ ընկա, դրանից հետո բժիշկն ասեց, որ ունեմ հեպատիտ C:  Աստծո կամոք հանդիպեցի Վիոլետա Ալբերտովնային և հրաշք թիմին,  ում շնորհիվ իմ մեջ արթնացավ ապրելու ցանկությունը»,-պատմեց Սվետլանան:

Երկու ամիս հիվանդանոցում անցկացրած հիվանդն իրեն լավ է զգում, սակայն դեռ շարունակելու է վերականգնողական փուլ անցնել:

«Աստղիկ» բժշկական կենտրոնի վիրաբուժական կլինիկայի վարիչ, պրոֆեսոր Հայրապետ Բարսեղյանը հավաստիացրեց, որ դժվար փուլն արդեն ետևում է: «Հիմա արդեն շատ հեշտ կլինի և՛հիվանդի, և՛ մեզ համար: Սա մեր առաջին նման վիրահատությունն էր: Տեխնիկապես բուժկենտրոնը պատրաստ է, բայց դեռ շատ ու շատ անելիքներ կան փորձ ձեռք բերելու առումով»,-նշեց նա՝ հավելելով, որ լյարդի փոխպատվաստում կատարելու համար արդեն երեք զույգ նախապատրաստական փուլում է:

«Արմենիկում կլինիկական ծառայության ղեկավար», «Աստղիկ» բժշկական կենտրոնի լյարդաբան Վիոլետա Սարգսյանը երեք տարի առաջ է ծանոթացել Սվետլանա Սարգսյանի հետ: Ծանոթ լինելով հիվանդի սոցիալական ծանր պայմաններին, առաջարկեց նման վիրահատություն կատարել: «Եթե չլիներ նախարարության հումանիտար օգնությունը, նրանք չէին կարող նույնիսկ հակավիրուսային բուժում ստանալ:  Հակավիրուսային բուժումը բարեհաջող ավարտելուց հետո արդեն կարողացանք մտածել նաև փոխպատվաստման մասին»,-պատմեց նա:

Վիոլետա Սարգսյանի խոսքով՝ հիվանդը երեք տարի շարունակ հսկվել է և «Արմենիկում» կլինիկական կենտրոնում, և ժամանակ առ ժամանակ ստացել է ստացիոնար բուժում: Հիշում է միասին  բազում կյանքին վտանգ սպառնացող բարդություններ են հաղթահարել՝ արյունահոսություն, լյարդային անբավարարություն, էնցեֆալոպատիայի նշաններ և ի վերջո հասել հաղթական ավարտի: «Պետք է նոր առողջ լյարդով շարունակենք ապրել:  Լյարդի ֆունկցիաների վերականգնման, լրիվ ապաքինման հետ կապված բոլոր խնդիրները դեռևս հսկողության անհրաժեշտություն ունեն»,-ընդգծեց լյարդաբանը:

 Ապրիլի 24-ին Աստղիկ» բժշկական կենտրոնում՝  Մոսկվայի Բուռնազյանի անվան պետական գիտական կենտրոնի մասնագետների աջակցությամբ առաջին անգամ կատարվեց բացառիկ վիրահատություն՝լյարդի փոխպատվաստում կենդանի դոնորից՝ ռեցիպիենտին. 20-ամյա դուստրը փրկեց 56-ամյա մոր կյանքը:

 

 

 

 

 

 




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ