Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հայաստան-Կիպրոս-Հունաստան ձևաչափ. նախաձեռնողական քաղաքականության նոր արդյունք

Հայաստան-Կիպրոս-Հունաստան ձևաչափ. նախաձեռնողական քաղաքականության նոր արդյունք

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը դինամիկ կերպով շարունակում է իր նախաձեռնողական և պրոակտիվ արտաքին քաղաքականությունը, այդ թվում՝ եվրոպական ուղղությամբ: Օրերս ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի աշխատանքային այցը Կիպրոս, կայացած հանդիպումներն ու ձեռք բերված պայմանավորվածությունները փաստում են այն մասին, որ Հայաստանի եվրաինտեգրման վեկտորը բավական ակտիվ և արդյունավետ զարգացում է ապրում:

Չնայած նրան, որ ԵՄ անդամ երկրների հետ համագործակցության հիմքում ընկած է Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը՝ Հայաստան-Կիպրոս հարաբերությունները հիմնված են նաև դարավոր բարեկամության և ընդհանուր արժեհամակարգի վրա: Այս մասին են վկայում Կիպրոսում Զոհրաբ Մնացականյանի ջերմ ընդունելությունը և զգայուն հարցերի վերաբերյալ միմյանց համար ընկալելի և ընդունելի մոտեցումները: Պատահական չէ, որ Հայաստանի և Կիպրոսի արտգործնախարարների հանդիպման ժամանակ կողմերը բարձր են գնահատվել միջազգային կառույցներում երկու երկրների միջև առկա արդյունավետ համագործակցությունը, մասնավորապես ցեղասպանության կանխարգելման օրակարգի առաջմղման գործում:  Ինչ վերաբերում է Ղարաբաղյան և Կիպրոսի հիմնահարցերին, ապա երկու երկրների արտգործնախարարներն ընդգծել են, որ յուրաքանչյուր հակամարտություն ունի իր առանձնահատկություններ, որոնք հաշվի առնելը կենսական նշանակություն ունի խաղաղ կարգավորման համար:

ՀՀ արտգործնախարարի՝ Կիպրոս կատարած այցի շրջանակներում բավական ուշագրավ էր Հայաստան-Կիպրոս-Հունաստան ձևաչափի ստեղծումը: Թեև եռակողմ համագործակցությունը տարիներ շարունակ գործել է, բավական կարևոր էր այն ինստիտուցիոնալ մակարդակի բերելը՝ դարձնելով առավել արդյունավետ ձևաչափ: Հունիսի 4-ին Նիկոսիայում կայացած Հայաստան-Կիպրոս-Հունաստան ձևաչափով առաջին եռակողմ հանդիպման ժամանակ հստակ պայմանավորվածություններ են ձեռք բերվել ոլորտային համագործակցության ամրապնդման ուղղությամբ (տնտեսություն, առևտուր, ներդրումներ, գյուղատնտեսություն, կրթություն, գիտություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ և նորարարություն, առողջապահություն, ճգնաժամերի կառավարում, մշակույթ, զբոսաշրջություն): Կարևոր է նաև այն հանգամանքը, որ բացի վերոնշյալ ոլորտներում համագործակցելու վերաբերյալ հայտարարությունից, կողմերը նաև հստակ պայմանավորվածություն են ձեռք բերել մշակել նոր առաջարկներ և քննարկել դրանք հաջորդ հանդիպման ժամանակ:

Ինչ վերաբերում է արտաքին քաղաքական հարցերին, ապա Հայաստանի, Կիպրոսի և Հունաստանի արտգործնախարարները համաձայնության են եկել առավել ընդլայնել իրենց համագործակցությունը միջազգային հարթակներում։ Կարևոր էր նաև անդրադարձը Կիպրոսի հիմնախնդրին և Թուրքիայի կողմից Կիպրոսի Հանրապետության բացառիկ տնտեսական գոտու խախտումներին, Ղարաբաղյան հակամարտությանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո լարվածության նվազեցմանն ուղղված ջանքերին:

Ամփոփելով, կարող ենք փաստել, որ ՀՀ արտգործնախարարի այցը Կիպրոս բավական արդյունավետ և կարևոր էր թե՛ երկկողմ համագործակցության, թե՛ եռակողմ՝ Հայաստան-Հունաստան-Կիպրոս փոխգործակցության տեսանկյունից: Իսկ եռակողմ ձևաչափի արդյունավետության ապահովման գործում Հայաստանն, անշուշտ, կարող է էական դերակատարում ստանձնել՝ ցուցաբերելով նախաձեռնողականության և ակտիվություն: Հատկանշական է, որ Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի երկրների և/կամ կառավարությունների ղեկավարների մակարդակով առաջին գագաթաժողովը կհյուրընկալի հենց Հայաստանը 2020թ. հունվարին, ինչը եռակողմ ձևաչափում ակտիվ ներգրավվածության լրացուցիչ հնարավորություններ է ընձեռում:

 

Գրետա Ավետիսյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am